Ամուլսարի հանքի շուրջ ծավալվող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության ներքո․ ՄԻՊ-ի գրասենյակ


Ամուլսարի հանքի շուրջ ծավալվող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության ներքո․ ՄԻՊ-ի գրասենյակ
Օգոստոս 6 00:33 2020

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին արագ արձագանքման այցի ընթացքում առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 7 անձի հետ: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Ոստիկանությունում ուսումնասիրվել են նրանց առնչվող փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերը, ստուգվել է իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ արձանագրվել «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանի հաղորդումը ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին։ Այցի արդյունքներով կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր», նշված է հաղորդագրությունում։

Բացի դրանից, ՄԻՊ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել հանքի տարածքում ոտքի վնասվածք ստացած քաղաքացու ծնողի հետ, քննարկել նրա առողջական վիճակի վերաբերյալ հարցեր, արել անհրաժեշտ իրավական ուղղորդում: Ըստ հաղորդագրության՝ Արման Թաթոյանի նախաձեռնությամբ արագ արձագանքման խումբն այսօր վաղ առավոտից շարունակել է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ծավալվող իրադարձությունների մշտադիտարկումը:

«Ջերմուկ գործուղված Պաշտպանի ներկայացուցիչները 2 օրերի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, համայնքների բնակիչների, այնպես էլ հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում՝ Պաշտպանի իրավասության սահմաններում», նշված է ՄԻՊ-ի գրասենյակի հաղորդագրությունում:



loading...