Հետաքննությունը նշել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հավանական պատճառը


Հետաքննությունը նշել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հավանական պատճառը
Օգոստոս 5 20:38 2020

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրին:

Գործակալության աղբյուրը հավելել է, որ տվյալ խնդրով զբաղվող տեսչությունը խախտումներին ուշադրություն է դարձրել դեռևս վեց ամիս առաջ, սակայն ոչինչ չի արվել պայթունավտանգ նյութը տեղափոխելու համար:

Աղբյուրը հայտնել է, որ երեքշաբթի 9-րդ պահեստում բռնկված հրդեհը տարածվել է մինչև 12-րդ պահեստ, որտեղ պահվելիս է եղել ամոնիումի նիտրատը:  

Նավահանգստի ղեկավար Հասան Կորայտեմը տեղի լրատվամիջոցին հայտնել է, որ պահեստում այդ նյութը պահվել է դատարանի որոշմամբ: Նա հավելել է, որ իրենք տեղյակ են եղել, որ այն վտանգավոր է, սակայն չեն պատկերացրել, որ «այս աստիճանի»:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը փորձագետները համեմատել են 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետ, առնվազն 100 մարդ է մահացել, 4000-ը՝ վիրավորվել են, հարյուր հազարավորներն էլ մնացել առանց տանիքի: Զոհերի թվում վեց հայ կա: