Մի երկու բառով ուզում եմ պատմել, թե ինչպես աշխատեց պարետատունը մեզ հետ այդ օրերին․ Արփի Հարությունյան-Գասպարյանն իր՝ կորոնավիրուսով վարակված հարազատի բուժման ընթացքի մասին


Մի երկու բառով ուզում եմ պատմել, թե ինչպես աշխատեց պարետատունը մեզ հետ այդ օրերին․ Արփի Հարությունյան-Գասպարյանն իր՝ կորոնավիրուսով վարակված հարազատի բուժման ընթացքի մասին
Օգոստոս 5 19:07 2020

Օգտատեր Արփի Հարությունյան-Գասպարյանն իր ֆեյսբուքայն էջում անդրադարձել է կորոնավիրուսով հիվանդների բուժմանը և կիսվել է իր անձնական փորձով։ Նա մասնավորապես գրել է․

«Մամաս էլ հիվանդացավ։ Չեմ պատմի՝ ինչերի միջով անցանք։ Միայն կասեմ շնորհակալություն: Շնորհակալություն ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին, որ իր ղեկավարած բուհի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունում բժիշկները մեխանիկորեն գլխաքանակ չէին բուժում, այլ ֆիքսում էին, որ, օրինակ, տիկին Գայանեն (մամաս է) միրգ չի կերել կամ անտրամադիր է։ Ու երբ 20 օր անց զանգում էինք բժշկին, ասում էր՝ մի՛ պատմեք՝ ով եք, ես ձեր բուժման ընթացքն անգիր հիշում եմ։

Հիմա մի երկու բառով ուզում եմ պատմել, թե ինչպես աշխատեց պարետատունը մեզ հետ այդ օրերին։ Նախ՝ ինձ զանգեցին մի քանի օր անց, թեև դժվար չէր գտնել ինֆորմացիա, թե որ օրվանից է մայրս հոսպիտալացվել։ Բայց դա՝ մի կողմ։ Հարցրին՝ ո՞վ է Վահան Գասպարյանը։ Ասացի՝ տղաս է։ Բացատրեցին, որ երեխան պետք է մեկուսանա։ Ասացի՝ շատ լավ։ Հարցրին՝ էլ ովքե՞ր են ապրում Վահանի հետ։ Թվեցի, պահանջած տեղեկություններն էլ փոխանցեցի։

Մի քանի հարց էլ ես տվեցի, օրինակ՝ ինչպե՞ս են հսկելու, պահանջը խախտելու դեպքում որքա՞ն է տուգանքը, ինչպե՞ս են տուգանելու, եթե խախտեմ մեկուսացման պահանջը։ Ենթադրում էի՝ քաղաքացուն մեկուսացման հրահանգ տվող պարետատան ցանկացած աշխատակից այդ հարցերի պատասխանները պետք է անգիր իմանա։ Բայց նույնիսկ եթե անգիր չգիտի, ձեռքի տակ կարող է, չէ՞, ունենալ տպված, գրված, փորագրված կամ այլ տարբերակով։

Բառացիորեն րոպեներ անց զանգեց մեկ ուրիշը՝ կրկին ներկայանալով պարետատան աշխատակից ու հարցնելով, թե ով է Գևորգ Գասպարյանը։ Դարձյալ նույն երկխոսությունը, ու դարձյալ մեր ընտանիքի անդամների հետ կապված տեղեկությունները (անուն, ազգանուն, ծննդյան ամիս-ամսաթիվ և այլն) պատրաստակամորեն փոխանցեցի։

Արդեն չեմ հիշում՝ քանի անգամ զանգեցին, ու քանի անգամ ես ստիպված եղա նույն ինֆորմացիան փոխանցել։ Պարզվում է՝ մի այդքան էլ մամայիս են զանգել, մինչև ջերմության մեջ վառվող խեղճ կինն ափերից դուրս է եկել ու խնդրել, որ էլ չզանգեն, ի վիճակի չէ ամեն օր նույնաբովանդակ զանգերի պատասխանել։ Ասել է՝ բարի եղեք այնպես համակարգել աշխատանքը, որ գոնե հիվանդներին այդքան չանհանգստացնեք։

Մամայից պրծան, ինձ զանգեցին, նորից խնդրեցին նույն տվյալները փոխանցել։ Պատճառաբանեցին, թե էլի կորցրել են տվյալները։ Խնդրեցի՝ ավելի ուշ զանգել, որովհետև դեդլայն ունեի, և խոստանալ, որ դա վերջին զանգը կլինի։ Հորդորեցի՝ մի քանի տեղ ֆիքսել մեր ընտանիքի տվյալները՝ տետրում, բլոկնոտում, մատյանում, համակարգչում, ավազի վրա։ Ասացին՝ ավելի ուշ կզանգեն։

Մաման հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ ես դեռ զանգի եմ սպասում՝ պարետատան վերջին զանգին»։



loading...