Հունաստանում բացվել է առաջին ստորջրյա թանգարանը (լուսանկարներ)


Հունաստանում բացվել է առաջին ստորջրյա թանգարանը (լուսանկարներ)
Օգոստոս 3 21:00 2020

Առաջին հունական ստորջրյա թանգարանը բացվել է Ալոնիսոս կզղու մոտակայքում՝ Էգեյան ծովի արևմտյան շրջանի այն մասում, որտեղ մ.թ.ա. 425 թվականին խորտակվել էր գինու հազարավոր սափորներ տեղափոխող նավը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի մշակույթի նախարարությանը:

Օգոստոսի 3-ից մինչև հոկտեմբեր թանգարանը հասանելի կլինի դայվերների համար, հետագայում այն կաշխատի մշտապես․ բացման արարողության ժամանակ ասել է Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին:

Վերջինս հայտնել է, որ դա Հունաստանի առաջին ստորջրյա հնագիտական հուշարձանն է, որը հասանելի կլինի հանրության համար:  

Ուսումնասիրությունների համաձայն՝ մեր թվարկությունից առաջ 425 թվականին կործանված առևտրային նավը, որը, հավանաբար, հունական էր, 3500 գինու սափորներ էր տեղափոխում: Խորտակված նավը 1985 թվականին հայտնաբերել է տեղի ձկնորսներից մեկը:

Նշվում է, որ դայվերները կկարողանան սուզվել պլանշետի հետ միասին, որում տեղեկություն կլինի հնագիտական հայտնագործության մասին: