Բժիշկները չեն ճանաչել Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոց այցելած Պուտինին. գլխավոր բժիշկը պատմել է նախագահի այցի մանրամասները


Բժիշկները չեն ճանաչել Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոց այցելած Պուտինին. գլխավոր բժիշկը պատմել է նախագահի այցի մանրամասները
Օգոստոս 1 19:32 2020

Կոմունարկայի 40-րդ քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտնել է, որ բժիշկներն ու բուժքույրերը չեն ճանաչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ վերջինս այցելել է հիվանդանոց:

Պրոցենկոյի խոսքով՝ նախագահի այցն անակնկալ էր իրենց համար: Գլխավոր բժիշկը նշել է, որ այդ օրը ստուգայց է կատարել Սկլիֆասովսկու անվան ինստիտուտի «կարմիր գոտում» և չի կարողացել պատասխանել հեռախոսազանգերին և միայն հետո է նկատել, որ իրեն զանգահարել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ու առողջապահության նախարարը: Սոբյանինն ինքն է պայմանավորվել հանդիպել բժշկի հետ հիվանդանոցում: 

«Հիվանդանոցում տեսա քաղաքապետին և այլ գործընկերների: Ինձ ասացին. «Ինչ ես կանգնել, գնա դիմավորիր հյուրին»: Մոտեցավ «Աուրուսը», և այդ պահին ամեն ինչ հասկացա»,- պատմել է Պրոցենկոն: 

Նրա խոսքով՝ բժիշկներն ու բուժքույրերը, որոնք տեսել էին նախագահին ընդունարանում և վերակենդանացման բաժանմունքում, միայն երեկոյան լուրերից են իմացել, թե ով է եղել դեղին պաշտպանիչ հանդերձանքով մարդը, որն իրենց շնորհակալություն էր հայտնել: 

Պուտինը Կոմունարկայի հիվանդանոց էր այցելել մարտի 24-ին, որպեսզի անձամբ տեսնի, թե ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը: