Սերբիան զենք է վաճառել նաև Ադրբեջանին. Վուչիչը ներկայացրեց ՀՀ-ին զենք վաճառելու պատճառը


Սերբիան զենք է վաճառել նաև Ադրբեջանին. Վուչիչը ներկայացրեց ՀՀ-ին զենք վաճառելու պատճառը
Օգոստոս 1 17:23 2020

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Հայաստանին զենք վաճառելու քայլն ուղղված է երկրի ռազմական արդյունաբերությունը փրկելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վուչիչն ասել է մամուլի ասուլիսի ընթացքում` պատասխանելով վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած` Սերբիայից Հայաստան վաճառված զենքի մասին հարցին։

Նախագահը շեշտել է, որ զենքի վաճառքը միակ տաբերակն է, որն ապահովում է ռազմական արտադրության հաջողությունը։

«Թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։ Վերջին տարիներին մենք տասն անգամ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին, չգիտես ինչու, դրա մասին որևիցե լրատվական չի ուզում խոսել։ Ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատում է 17 հազար մարդ, որոնք պետք է մնան իրենց աշխատանքին: Ես սկզբունքորեն հարցնում եմ ձեզ. ո՞ւմ ենք վաճառելու ապագայում: Ում էլ վաճառենք, ինչ-որ մեկը դժգոհելու է», – նշել է Վուչիչը:

Haqqin.az կայքը հուլիսի 19-ին հոդված է գրել, թե Ադրբեջանի կառավարությունը իբր անհերքելի տեղեկություններ է ստացել, որ Սերբիան Հայաստանին վերջին ամիսների ընթացքում տարբեր տրամաչափի ականանետային սպառազինություն է վաճառել։ Հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Բաքվում Սերբիայի դեսպան Դանիցա Վեինովիչը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանի հետ զրույցում հայտարարել էր, թե մամուլում հայտնված տեղեկությունները «կասկածի տակ են դնում երկու երկրների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։

Հուլիսի 22-ին Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը հայտարարել է, որ Սերբիայի սպառազինությունը Հայաստան է արտահանվել միանգամից հինգ գերատեսչությունների՝ Արտաքին գործերի, Ներքին գործերի, Պաշտպանության և Առևտրի նախարարությունների, ինչպես նաև Հետախուզական ծառայության հավանությամբ:



loading...