Պարբերաբար լինում են իրավիճակներ, երբ ականատես ենք լինում կա՛մ միտումնավոր, կա՛մ չգիտակցված ընկալումների բարդույթի՝ «ինչ է նշանակում սա, ինչ է նշանակում նա», բայց ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում հետեւողականորեն արտահայտված այն ամենն այսօր ամփոփված է նաեւ Հանրապետության վարչապետի՝ կառավարության նիստին ունեցած իր ելույթում. յոթ կետերի մեջ ինչ-որ չափով ամփոփված է այն ամենը, ինչը մենք անում ենք: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Իսկ ինչ վերաբերում է հուլիսի 12-ին, դրա ամենակարեւոր պատգամը մեկն էր, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի եւ ուժի կիրառման փորձը որեւէ դեպքում գործոն չեն, գործիք չեն, եւ որեւէ ազդեցություն չունի, չի ունեցել եւ չի ունենալու: Հայաստանը եւ Արցախը շարունակում են մնալ բացարձակապես հավատարիմ խաղաղ գործընթացին, խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, այլընտրանքը բերում է տարածաշրջանի համար չափազանց լուրջ հետեւանքների: Մենք բավարար վստահություն ունենք՝ ասելու այդ ամենը, որովհետեւ մենք բավարար ներուժ ունենք՝ պաշտպանվելու, պաշտպանելու, որն արտահայտվեց նաեւ հուլիսի 12-ին»,-ասել է նախարարը:
Անդրադառնալով Բաքվի մաքսիմալիստական դիրքորոշումների մասին նա ասել է. «Մինչ այժմ չենք լսել Ադրբեջանի իշխանությունների կողմից որեւէ ազդակ, որեւէ ձեւակերպում, որեւէ բառ, որն ի ցույց է դնում զգայունություն Արցախի եւ Հայաստանի առաջնահերթությունների հանդեպ։ Որեւէ դիրքորոշում, որեւէ քայլ, որն ի ցույց դնի, որ նրանք նույնպես պատրաստ են աշխատել դեպի փոխզիջում։ Եվ այդ առումով, եթե մենք ավելի ուշադիր լսենք իրենց դիրքորոշումները, դա մաքսիմալիզմ է, որը տեսնում է լուծումը միայն այնպես, ինչպես դա բավարար է բացառապես ադրբեջանական կողմին։ Դա չի աշխատելու, դա փոխզիջում չէ։
Իսկ ինչ վերաբերում է զիջման վրա հիմնված լուծման, ապա որեւէ մեկը պատրաստ չէ նման ճանապարհով շարժվել»:
Եթե Ադրբեջանը ենթադրում է, որ դրանով մենք սառեցնում ենք իրավիճակը, ինչը մենք պարբերաբար լսում ենք իրենց կողմից, ապա դա ուղղակի անընդունելի է: Եթե ենթադրվում է, որ մենք կարող ենք ունենալ առաջընթաց էսկալացիայի պայմաններում, դա բացառվում է: Եթե ենթադրվում է, որ մենք կարող ենք սպառնալիքը, ուժի կիրառումը դիտարկել որպես գործոն խաղաղ գործընթացում, դա չի լինելու: Սա կարծես թե առավել քան հստակ է, հստակ արտահայտվել է եւ՛ քաղաքական, եւ՛ դիվանագիտական, եւ՛ անմիջապես արդեն ռազմական առումներով»: