Հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ծառայողը, որ կասկածվում է 10 մլն դրամ և 3 մլն դրամ արժողության ոսկե զարդեր գողանալու մեջ. նրա մոտ հայտնաբերվել է ծառայակցի ատրճանակը


Հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ծառայողը, որ կասկածվում է 10 մլն դրամ և 3 մլն դրամ արժողության ոսկե զարդեր գողանալու մեջ. նրա մոտ հայտնաբերվել է ծառայակցի ատրճանակը
Հունիս 2 15:13 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 1-ին, ոստիկանության Արթիկի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սպիրիդոն Մ-ին՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Արթիկի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Արդեն ոստիկանությունում Սպիրիդոն Մ-ն ենթարկվում է անձնական խուզարկության, ում մոտ հայտնաբերվում է խոշոր չափի գումար։ Փաստերի ճնշման տակ բերման ենթարկվածը խոստովանում է, որ մայիսի 31-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Աղաքարյան փողոցի թիվ 49 տան ննջասենյակի պատուհանի ծխնին կոտրելու միջոցով ներս է մտել և պահարանից հափշտակել 10 մլն դրամ և 3 մլն դրամ արժողության ոսկե զարդեր։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով և բերված մարտական վիճակի։ Ատրճանակը հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահում, և արդեն ոստիկանությունում Սպիրիդոն Մ-ն հայտնել է, որ ատրճանակն առանց որևէ մեկի գիտության վերցրել է ՀՀ ՊՆ N զորամասի զինանոցից՝ մարտական հերթապահությունը հանձնելուց առաջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ատրճանակը հաշվառված է եղել Վանաձորի բնակիչ՝ 30-ամյա Ժիրայր Ա-ի անվամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սպիրիդոն Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի օգնական-հոգեբան, իսկ Ժիրայր Ա-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես խմբի հրամանատար։

 

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։