Մայիսյանի գյուղապետը համայնքի բյուջեյով աջակցել է կնոջը, դստերը, քենուն, ապա համայնքի հողը վաճառել կնոջը


Մայիսյանի գյուղապետը համայնքի բյուջեյով աջակցել է կնոջը, դստերը, քենուն, ապա համայնքի հողը վաճառել կնոջը
Մայիս 29 00:46 2020

Irakanum.am-ը գրում է․ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովիսյանը համայնքային բյուջեից կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին սոցիալական աջակցություն է տրամադրել՝ 50 հազար դրամի չափով։ Պարզվում է ոչ միայն համայնքի ղեկավարի կինն է սոցիալական աջակցության կարիք ունեցել, այլ նաեւ դուստրը։ Եսայի Մովսիսյանին դիմում հասցեագրել է նաեւ աղջիկը՝ Նելլի Մովսիսյանը եւ գյուղապետ պապան էլ բնականաբար չի մերժել եւ հատկացրել է 40 հազար դրամ, դարձյալ համայնքի բյուջեից։ Մովսիսյանի՝ հարազատներին աջակցելու ծրագրերն այսքանով չեն ավարտվում։ Գյուղապետը այսքանից հետո մի հատ էլ աջակցել է կնոջ քրոջը, ու նրա սկեսրայրին։

Սոցիալական աջակցության կարիք անշուշտ գյուղապետի հարազատները կարող էին ունենալ եւ որպես համայնքի բնակիչներ դիմեին գյուղապետարան ստանալու համար այն, սակայն ընդամենը 50 հազար դրամ գումարի համար գյուղապետ ամուսնուն դիմած կինը, պարզվում է նաեւ գյուղապետարանից 9 հազար դոլարի հողատարածք է գնել՝ աճուրդով։

Այս հողատարածքի եւ գյուղապետի՝ այն իրենցով անելու ցանկությունների մասին Irakanum.am-ը գրել էր, դեռ նախորդ տարի հոկտեմբերին, երբ հիշյալ հողատարածքը գնելու ցանկություն հայտնել էին գյուղի այլ բնակիչներ եւս, սակայն գյուղապետ Եսայի Մովսիսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ 30 տարի պահել, փայփայել է այդ հողատարածքը եւ չի պատրաստվում ուրիշին զիջել։
Ակնհայտ է, որ գյուղապետը չարաշահել է իր լիազորությունները, եւ իրավապահներն այստեղ անելիք ունեն։ Իրավապահները պետք է ստուգեն նաեւ այն հանգամանքը, թե ինչպես ստացվեց, որ գյուղապետի կինը, ով 50 հազար դրամ աջակցություն ստանալու համար դիմում է համայնքապետարան եւ ստանում այդ գումարը, բայց կարողանում է իրեն թույլ տալ հողատարածք գնել։

Հրավիրում ենք նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացումների նախարար Սուրեն Պապիկյանի, ինչպես նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի ուշադրությունը։ Համայնքային բյուջեն սեփական հարազատներին բաշխող գյուղապետերն արդյո՞ք տեղավորվում են «նոր Հայաստանի»  տեսլականում, եւ արդյո՞ք այս գործողությունների արդյունքում համայնքի իրապես սոցիալական խնդիրներ ունեցող բնակիչները դուրս չեն մնում աջակցության ծրագրերից։



loading...