«Երբ մեր մտավորականությունը տաճկական բայաթիներ է երգում, էլ ինչո՞ւ պետք է օտարը իմանա, թե որն է հայի երգը». Կոմիտասի սթափեցնող 10 մտքերը, որոնք կսովորեցնեն հայերեն ապրել


«Երբ մեր մտավորականությունը տաճկական բայաթիներ է երգում, էլ ինչո՞ւ պետք է օտարը իմանա, թե որն է հայի երգը». Կոմիտասի սթափեցնող 10 մտքերը, որոնք կսովորեցնեն հայերեն ապրել
Մայիս 28 23:16 2020

Կոմիտասն այն հայ մեծերից է, ում կերտած երաժշտությունը կա ու կմնա մաքրամաքուր հայերենով օծված։ Նրա երաժշտությունը կարող է սրբել օտարամոլության այն ամբողջ փոշին, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում է մեր երկրում։ Առաջարկում ենք ծանոթանալ հանճարի 10 մտքերին, որոնք կսովորեցնեն հայերեն ապրել։ 

 

1. Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից։

2. Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը։

3. Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի։

4. Մենք ի՞նչ գիտենք՝ ինչ է ուզում հայի հոգին։ Մենք վիճաբանում ենք, թե ինչու է օտարն ասում, թե հայը չունի ինքնուրույն երաժշտություն, երբ մեր մտավորականությունն ամեն տեղ հայ երգի անվան տակ հայերեն բառերով ռուսական ռոմանսներ, իտալական մեղեդիներ կամ տաճկական բայաթիներ է երգում։ Էլ ինչո՞ւ պետք է օտարը գիտենա, թե որն է քո երգը, երբ Պոլսում հայ տիրացուները հարուստ ամիրաներին դուր գալու համար կլկլացնելով պատարագ են երգում՝ նմանեցնելով տաճկական եղանակներին։

5. Ձայնդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,
Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։

6. Շունչդ առա կուռ ծոցերով՝
Գրիչ դառա հուր բոցերով։

7. Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։

8. Քեզ չսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կրակով հոգին փորել։

9. Դու խոսում ես հայերեն, ուրեմն՝ ձայն ունես։ 

10. Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։



loading...