Ադրբեջանից բռնագաղթած եւս 185 ընտանիքների բնակարանի հարցը լուծվեց. Կառավարության նոր որոշումը


Ադրբեջանից բռնագաղթած եւս 185 ընտանիքների բնակարանի հարցը լուծվեց. Կառավարության նոր որոշումը
Մայիս 27 13:04 2020

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում որոշում կայացրեց, որով մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ մասնավորապես, նախատեսվում է 2 մլրդ 169 մլն դրամն ուղղել Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցի լուծմանը:

Նա հիշեցրեց, որ 2019-ին, առաջին փուլում 1,5 մլրդ դրամ հատկացվել է 112 ընտանիքի բնակարանային հարցը լուծելու համար, իսկ այս փուլում խոսքը 185 ընտանիքների մասին է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան գումար են տալիս ամեն ընտանիքի: Պապիկյանը պատասխանեց, որ դա կախված է ընտանիքի մեծությունից եւ այլ չափանիշներից. «Ամեն դեպքում դա բավարար է Երեւանի տարբեր հատվածներում բնակարան գնելու համար»:

«Իհարկե, կենտրոնում չեն գնի, բայց այլ վարչական շրջաններում կկարողանան գնել»,-նշեց Փաշինյանը:

Նշվեց նաեւ, որ նախկինում Երեւան քաղաքի համար նման որոշում չի եղել, այս մարդիկ 1988-ից կամ 1990-ից բնակվում են ժամանակավոր կացարաններում:

 



loading...