Աբովյանում վիճաբանությունից հետո Արա Պողոսյանին սպանած 68-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք․ ոստիկանություն


Աբովյանում վիճաբանությունից հետո Արա Պողոսյանին սպանած 68-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք․ ոստիկանություն
Մայիս 27 11:46 2020

Մայիսի 25-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ հայտնաբերել են մշտական բնակության վայր չունեցող Արա Պողոսյանի դին` գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներով: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Բացահայտման աշխատանքներին միացել են քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները: Դեպքին ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով իրավապահներն օպերատիվ հարցումներ են անցկացրել: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արագ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում հանցագործությունը հաջորդ օրը բացահայտվել է:

Իրավապահները տեղեկություններ են ստացել, որ մայիսի 24-ին Արա Պողոսյանը եկեղեցու մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել է Սարալանջի թաղամասին հարակից վագոն-տնակում բնակվող 68-ամյա մի տղամարդու հետ, որն էլ քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և զրկել կյանքից:

Մայիսի 26-ին կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին ու ձերբակալվել: Նա տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում ։

 



loading...