Հախուռն նյութեր բաժանելը չի խրախուսվում․ ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի փոխնախագահ Հ․Հովհաննիսյան


Հախուռն նյութեր բաժանելը չի խրախուսվում․ ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի փոխնախագահ Հ․Հովհաննիսյան
Մայիս 26 22:27 2020

Վրացական փողոցում տեղի ունեցած դեպքը մտորելու եւ հետեւություններ անելու տեղիք է տալիս․ կրթադաստիարակչական ցանկացած նյութ պետք է համապատասխանի այն ռազմավարությանը, որը մշակել է պետությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը` մեկնաբանելով Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում ինչ-որ անծանոթ կնոջ կողմից երեխաներին «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր բաժանելու միջադեպը:

Ըստ Հ․Հովհաննիսյանի՝ եթե նյութերը չեն հաստատվում եւ կրում են հախուռն բնույթ, ապա դրանք չեն կարող համարվել կրթական․

«Պետք է պարզվի, թե ինչ նպատակով եւ ով է դա արել: Անհրաժեշտ է գնալ դրա հետեւից` հասկանալու համար այսպիսի նյութերի բաժանման նպատակը», ասել է ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի փոխնախագահը։

Հարցին` արդյո՞ք մանկապղծության տարրեր տեսնում է, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ չի ցանկանում այդքան հեռուն գնալ․

«Մանկապղծության տարրեր կան, բայց այդուհանդերձ պետք է ուշադիր լինենք, որ որեւէ նյութ չհակասի կրթական չափորոշիչներին ու ընդհանուր կրթական քաղաքականությանը: Հախուռն նյութեր բաժանելը չի խրախուսվում: Բայց եկեք միեւնույն ժամանակ չմոռանանք, որ այսօր գոյություն ունի ինտերնետ եւ բազմաթիվ նյութեր հասու են ցանկացած տարիքի երեխայի: Կարծում եմ, սա եւս մտածելու եւ հետեւություններ անելու տեղիք է տալիս»:

«Իմ քայլը» խմբակցության անդամը նկատեց` դպրոցներում բավական երկար ժամանակ դասավանդվում են առողջ ապրելակերպի մասին գրքեր, որոնցում առկա են որոշակի կողմնորոշիչներ.

«Բայց սխալ կլինի ասել, որ դա սեռական դաստիարակություն է», ասաց պատգամավորը եւ վստահեցրեց, որ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով կամ համանման բնույթի գրքեր չկան:



loading...