«Մանվել Գրիգորյանի բուժումը հնարավոր է միայն արտերկրում. ԱՆ-ն անգործություն է ցուցաբերում, որը վիճարկվել է դատարանում»


«Մանվել Գրիգորյանի բուժումը հնարավոր է միայն արտերկրում. ԱՆ-ն անգործություն է ցուցաբերում, որը վիճարկվել է դատարանում»
Մայիս 26 13:00 2020

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ՝ Ֆրանսիայի Վալ դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելուն և համապատասխան եզրակացություն տալուն պարտավորեցնելու պահանջով: Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:

 

Մանվել Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք, ամիսներ առաջ ձեռքների տակ ունենալով Գրիգորյանի հիվանդության պատմությունը, պարզել էին, որ ոչ միայն բուժում չի իրականացվում, այլ Գրիգորյանի մոտ առողջության բացասական դինամիկա է արձանագրվում, և վիճակը շարունակում է վատթարանալ։ Դրանից ելնելով՝ իրենք դիմել էին առողջապահության նախարարությանը և տեղեկացրել՝ այլևս հնարավոր չէ, որ Գրիգորյանը բուժում ստանա Հայաստանում և նախարարությունից խնդրել էինք, որ կամ Մանվել Գրիգորյանի հիվանդության պատմության հիման վրա թույլատրեն, որպեսզի վերջինս մեկնի արտերկիր, կամ, եթե նպատակահարմար են գտնում՝ հրավիրեն բժշկական հանձնաժողով և որոշեն՝ անձը պետք է տեղափոխվի արտերկիր, թե ոչ: Սակայն ըստ փաստաբանի՝ առողջապահության նախարարությունը դրսևորել է անգործություն և պատասխանել է, որ գործը գտնվում է դատարանում և իրենք նման իրավասություն չունեն հարցը քննելու կամ կոնսիլիում հրավիրելու։ «Այդ պատասխանը մենք վերցրինք ու ներկայացրինք քրեական գործը քննող դատարանին, բայց դատական իշխանությունը՝ որոշելով, որ ինքը չպետք է խառնվի դրան, որոշեց մերժել մեր միջնորդությունը, որով մենք խնդրել էինք պարտավորեցնել առողջապահության նախարարությանը կատարել իր գործառույթները։ Դատարանի կողմից միջնորդության մերժումից հետո մենք երկրորդ միջնորդությունը ուղարկեցինք առողջապահության նախարարություն՝ փաստելով, որ դատարանը չի քննում այդ հարցը և նորից խնդրեցինք քննարկել հարցը»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ այդ անգամ էլ նախարարությունը իրենց գրությունը ուղարկել է արդարադատության նախարարություն, որն էլ պատասխանեց, որ հարցը գտնվում է առողջապահության նախարարության տիրույթում և իրենք այդտեղ անելիք չունեն։ «Դրանից հետո մենք որոշեցինք այս բոլոր անօրինականությունները ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և, միևնույն ժամանակ, վարչական դատավարության կարգով վիճարկել առողջապահության նախարարության անգործությունը»,- ասաց Բաղդասարյանը։

Լևոն Բաղդասարյանն ասաց, որ և՛ Մանվել Գրիգորյանի հիվանդության պատմությամբ, և՛ բժիշկների պնդմամբ, Մանվել Գրիգորյանի վիճակը գնալով վատանում է, քանի որ նա բուժում չի ստանում, այլ ստանում է ցավազրկողներ և դեղորայք՝ իր հիմնական հիվանդությունների հետ կապված։ Բաղդասարյանի խոսքերով՝ Գրիգորյանի առողջությունը վերականգնելու ուղղությամբ գործողություններ չեն իրականացվում, քանի որ այդ սարքավորումներն ու դեղորայքները Հայաստանում չկան։ «Մենք Գրիգորյանի բոլոր փաստաթղթերը վերցրինք և ուղարկեցինք արտերկրի այն կլինիկան, որտեղ ժամանակին Գրիգորյանը վիրահատվել և բուժում էր ստացել։ Նրանք, ուսումնասիրելով հիվանդության պատմությունը, շատ արագ արձագանքեցին և պահանջեցին հիվանդին անհապաղ ուղարկել իրենց կլինիկա, որտեղ կիրականացվեր նրա բուժումը։ Հիմա մենք չենք ասում՝ վերցրեք ու Գրիգորյանին ուղարկեք արտերկիր։ Մենք ներկայացնում ենք բժշկական փաստաթղթերը և պահանջում ենք հետևություններ անել»,-ասաց Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ այս պահին էլ Գրիգորյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրան միացված են վերակենդանացման սարքավորումներ, և նրա բուժումը հնարավոր է միայն արտերկրում։

 

Մեր դիտարկմանը՝ չպե՞տք է արդյոք քրեական գործը քննող դատարանը որոշում կայացնի՝ թույլատրում է Գրիգորյանին մեկնել արտերկիր և բուժում ստանալ, փաստաբանը պատասխանեց. «Որպեսզի դատարանը իր որոշումը կայացնի, անհրաժեշտ է, որ առողջապահության նախարարությունը տա մասնագիտական կարծիք։ Մենք էլ դա ենք ուզում, ասում ենք՝ կամ մերժեք, կամ բավարարեք։ Իսկ նախարարությունը ո՛չ մերժում է, ո՛չ բավարարում է։ Իրենց անգործությունն էլ հենց դա է, որը մենք վիճարկում ենք»։

Լևոն Բաղդասարյանը վերջում ասաց, որ քաջ գիտակցում է, որ Վարչական դատարան ներկայացված իր դիմումի քննությունը տարիներ է տևելու։ Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում հայցադիմումի նպատակը ո՞րն էր, առավել ևս, եթե այն վերաբերում է անձի առողջությանը, Բաղդասարյանը պատասխանեց. «Այնքանով, որքանով մենք խնդիր տեսանք անգործության հետ կապված՝ պարտավորվեցինք որպեսզի դա փաստենք»։

Հայցադիմումի հետ կապված «Առաջին լրատվական»-ը մեկնաբանություն խնդրեց նաև առողջապահության նախարարությունից։ Պատասխանը ստանալուն պես կներկայացնենք։



loading...