Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել․ Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից երկուսը ազատ են արձակվել


Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել․ Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից երկուսը ազատ են արձակվել
Մայիս 25 19:27 2020

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալված երեք անձանցից երկուսն ազատ են արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրանցից Մարատ Ստեփանյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Ձերբակալվածները ազատ են արձակվել դատարանի որոշմամբ, որը փաստաբանների բողոքի քննությամբ ոչ իրավաչափ է ճանաչել նրանց ձերբակալությունները։

«Մեր բողոքն առնչվում էր ձեբակալության հիմքի եւ նպատակի հետ, քանի որ իմ պաշտպանյալն անձամբ կասկածը չի ընդունում»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2020թ․ մայիսի 24-ին Խ. Մ-ն, Մ. Ս-ն և Լ. Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա.Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ. Հ.-ն, նրա եղբայրը՝ Լ. Հ.-ն, Խ. Մ.-ն և Մ. Ս.-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ.-ին և Խ.Մ.-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա. Հ.-ի և Գ. Մ.-ի հետ ծեծի ենթարկել նրան:

Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ.-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա.Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ.-ի եղբայրը՝ Գ.Մ.-ն և Ա.Փ.-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա.Պ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։



loading...