«Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ». Հովհաննես Թումանյանի՝ ապրել սովորեցնող 15 մտքերը


«Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ». Հովհաննես Թումանյանի՝ ապրել սովորեցնող 15 մտքերը
Մայիս 25 18:45 2020

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն իր մտքերով մի ամբողջ ազգի գոյության ու ոգեշնչման աղբյուրն է եղել։ Այսօր էլ նրա մտքերը շարունակում են չկորցնել իրենց արդիականությունն ու շունչ հաղորդել յուրաքանչյուր հայի։ Առաջարկում ենք ծանոթանալ մեծն գրողի 15 մտքերին, որոնք սովորեցնում են ապրել։ 

 

1. Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:

2. Արևը ստվեր չի տեսնում:

3. Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

4. Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:

5. Բնազդի հետ ճիշտ բանականություն պետք է լինի:

6. Չէ՞ որ պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք։ Վերջապես լուսավորությունը, արվեստներն ու գիտությունն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհին:

7. Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

8. Ինձ էնպես է թվում, թե մի շատ թանկագին բան եմ գտել, այսինքն՝ մարդ եմ գտել: Չէ՞ որ մարդը գոնե մեզ համար ամենաթանկ բանն է:

9. Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:

10. Չգիտենք՝ ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները:

11. Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

12. Մարդու գլուխը էնքան մեծ ու բանական պիտի լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար, մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…

13. Խավարն ու հետամնացությունը հեշտ է փարատել լույսով ու առաջադիմությամբ, բայց չարությունը դժվար է փոխել բարության:

14. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ։ 

15. Մենք քաղաքակրթված ենք միայն մեր շորերով, լուսավորված ենք միայն վկայականներով... 



loading...