Ասեմ, որ ամենանուրբ ձերբակալությունները ՀՀ ոստիկանությունում է եւ նորմալ է, որ անձը քերծվածքներ կարող է ստանալ.ԱԺ պատգամավոր


Ասեմ, որ ամենանուրբ ձերբակալությունները ՀՀ ոստիկանությունում է եւ նորմալ է, որ անձը քերծվածքներ կարող է ստանալ.ԱԺ պատգամավոր
Մայիս 25 16:40 2020

Ծանր հանցագործության փաստով Քննչական կոմիտեում քննվում է գործ, կատավրում են քննչական գործողություններ, դրանց մաս են կազմել ձերբակալությունները եւ ձերբակալություններից հետո Կապանում հավաքվել են այդ ձերբակալվածների հարազատները կամ ընկերները եւ փորձում էին հայտնել իրենց կամքը, որ գործը պետք է քննվի Կապանում, Սյունիքում կամ չգիտեմ որտեղ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, դա իհարկե, ընդունելի չէ, քանի որ նախաքննական մարմինն է որոշում, թե որտեղ պետք է գործը կատարվի եւ ինչպես. «Դրա համար կան օրենքներ, իրենք շարժվում են օրենքներով: Ոստիկանությունը գործել է բավականին լավ, այդ գործողությունները գնահատում եմ իրավաչափ, որեւէ արտառոց տեղի չի ունեցել: Այսուհետ էլ այդպես է լինելու, ոստիկանությունը գործելու է հստակ իր լիազորությունների սահմաններում եւ եւ օրենքով սահմանված կարգով: Ինչպիսի դժգոհություններ էլ, ինչպիսի խմբավորումներ, ինչպիսի շահեր ունենա, դա որեւէ  կերպ չի կարող ազդել քրեական գործի քննության վրա: Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ամեն ձերբակալվածի հարաազատները պետք է գան, հավաքվեն եւ որոշեն, թե որ գործը որտեղ եւ ոնց պետք է քննվի: Սա ուղղակի աբսուրդի ժանրից է»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով նրան, որ ձերբակալվածների նկատմամբ բռնություն է կիրառվել ոստիկանությունում, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Ոստիկանությունը բժշկական կազմակերպություն չէ, ոչ թե բարեգործական հիմնարկ, ոչ էլ պետք է մեկին համոզի, նոր ձերբակալի: Ձերբակալության ժամանակ կիրառվում է համաչափ ուժ, որի ժամանակ հնարավոր են որոշակի քերծվածքներ: Դա նորմալ է: Ձերբակալության  ընթացքում որոշակի սահմանափակումներ, համաչափ ուժ է կիրառվում: Դուք ամեն օր կարող եք ականատես լինել միջազգային իրադարձություններից, թե ինչպես են ձերբակալում: Ասեմ, որ ամենանուրբ ձերբակալությունները ՀՀ ոստիկանությունում է եւ նորմալ է, որ անձը քերծվածքներ կարող է ստանալ: Կարող է անձը դիմադրություն ցուցաբերել, կարող է ոստիկանի գործողություններին: Ոստիկանությունը կարող է եւ պարտավոր է կիրառել համաչափ ուժ»,-ընդգծեց Արմեն Խաչատրյանը: