Բժիշկ հայրիկս, որ ապրիլի վերջին ինքն էլ միացավ կորոնավիրուսով պացիենտներին, վերադարձել է. նա հերոս չէ. դստեր գրառումը


Բժիշկ հայրիկս, որ ապրիլի վերջին ինքն էլ միացավ կորոնավիրուսով պացիենտներին, վերադարձել է. նա հերոս չէ. դստեր գրառումը
Մայիս 23 11:58 2020

Չնայած նրան, որ Covid-19-ով վարակված մարդկանց թիվը դեռ աճում է, այսօր ընտանիքիս անդամները եւ ես վերջապես հանգիստ ենք` հայրիկս հիվանդանոցից վերադարձել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՀԿ-ում աշխատող բժիշկ Տիգրան Խաչատրյանի դուստրը՝ Կարինեն:

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ սիրելի հայրիկը մարտի վերջից հոգ էր տանում կորոնավիրուսով հիվանդ պացիենտների մասին, իսկ ապրիլի վերջին, ցավոք, ինքն էլ միացավ նրանց թվին: Նրա դեպքում` Covid-19 ընթացավ թոքաբորբով, ընդ որում` ոչ այնքան թեթեւ, բայց նա հաղթահարեց այդ փորձությունը նույնպես:

Իմ հայրիկը հերոս չէ: Նա բժիշկ է: Եվ իր երկրի պատասխանատու քաղաքացի: Նա ուներ 2 տարբերակ` նստել տանը եւ բողոքել ամեն ինչից (հավատացեք, բողոքելու համար շատ պատճառներ ուներ) կամ անել իր աշխատանքը: Նա ընտրեց վերջին տարբերակը:

Սիրում եմ քեզ, պապ, ու անչափ հպարտ եմ քեզնով:

[UPDATE] Քանի որ նկատեցի որոշակի բուռն ռեակցիա, նշեմ նաեւ, որ հայրիկս դեռ 2 շաբաթ կարանտինի մեջ է լինելու, այժմ ուղղակի դուրս է գրվել հիվանդանոցից»: