Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ


Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ
Ապրիլ 9 13:40 2020

Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին Tert.am- ի հետ զրույցում ասաց Հակոբ Ճաղարյանի տիկինը։

«Հրավիրվել է ԱԱԾ, դեռ չի ներկայացել։ Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվել է ավիացիոն հարցերի անվտանգության շուրջ զրուցելու»,- ասաց նա։

 

Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանի ազատման որոշման հրապարակումից հետո երեկ վերջինս ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշել էր, որ պաշտոնից ազատվելու պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, ապապետական մոտեցումներն են:

 

«Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել`«սեփական դիմումի համաձայն»:

 

Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:

 

Նախորդ շաբաթ օրը` ապրիլի 4-ին, ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`

 

- հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման,

- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները,

- և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները

 

Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը»,- գրել էր նա:

 

Հակոբ Ճաղարյանը նաև շեշտել էր, որ պաշտոնից հրաժարվելու որոշումն իրենն է: «Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:

 

Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»,- գրել էր նա: