Սիսիանում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից մարդկանց ծեծի ենթարկելու ավանդույթը շարունակվում է: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Յուրա Ավայանը:
Անդրադառնալով ծեծկռտուքների շարունակական լինելուն, իրավապաշտպանը նշեց, որ օրեր առաջ Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը գիշերը ծեծի է ենթարկել տղամարդու, և ստիպել նրան իր վրա վերցնել ինչ-որ գողության դեպք:
«Գիշերը տղամարդուն տարել են բաժին, անհիմն ձեռքից վերցրել փաստաթղթերը, ծեծի ենթարկել նրան և ստիպել, որպեսզի իր վրա վերցնի գողության դեպքը: Մի քանի ժամ պահել են բաժնում, հաջորդ օրը ազատ են արձակել, սակայն մինչև այժմ նրա անձնագիրը չեն վերադարձրել, ինչը օրենքի կոպիտ խախտում է»,-ասաց Ավայանը:
Քաղաքացի Գառնիկ.Մ-ի ինքնազգացողությունը վատացել է բաժնից դուրս գալուց հետո, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առթիվ հաղորդում է տրվել:
Իրավապաշտպանը անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքին նշեց, որ հերթական անգամ ապօրինի գործողություններ է կատարվել Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից:
Ավայանի խոսքով՝ ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ստուգելուց հետո վիճաբանություն է սկսվել: Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը և մոտ տաս ոստիկան քաղաքացուն, նրա հորն ու հորեղբոր որդուն աշխատավայրում հայհոյել և ծեծի են ենթարկել: Միջադեպը հեռախոսով նկարել է ծեծվողի բարեկամը, ում նախ ստիպել են՝ ջնջել տեսագրությունը, որից հետո խլել են հեռախոսն ու ևս ենթարկել ծեծի:
Իրավապաշտպանը նշեց, որ մինչև այսօր քաղաքացու հեռախոսը չեն վերադարձրձել ինչի առթիվ հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն: Այս պահին դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ:
Յուրա Ավայանը, ով հանդիսանում է տուժողների շահերը ներկայացնող իրավապաշտպան, կարծում է՝ այս միջադեպերի հետևում անձնական խնդիրներ կան: Ինչ վերաբերում է նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքին՝ իրավապաշտպանը նշեց,որ իրական դեպքերը փաստող ապացույցներ կան: