Ադրբեջանցին Հայաստանում սպանել է Կոտայքի մարզի բնակչին. գործը դատարանում է

Ադրբեջանցին Հայաստանում սպանել է Կոտայքի մարզի բնակչին. գործը դատարանում է
Ապրիլ 6 19:06 2020

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակչի սպանության դեպքի միշարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Ադրբեջանի Հանրապետությունում ծնված, ազգությամբ ազերի, սակայն վերջին 25 տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացի 41-ամյա տղամարդ է՝ տուժողի վաղեմի ծանոթը եւ հարեւանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին` ժամը 22:30-ի սահմաններում, 41-ամյա տղամարդն իր հարեւանի տանն ընթրել եւ ոգելից խմիչք է օգտագործել նրա հետ, որից հետո նրանց միջեւ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերջիններս քաքշել ու հարվածել են միմյանց: Այնուհետեւ ադրբեջանցին բռունցքով հարվածելով հարեւանի դեմքին, գետնին է տապալել նրան, ապա, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, բռունցքով շարունակել հարվածներ հասցնել նրա գլխին եւ մարմնի այլ հատվածներին, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

loading...