«Ունեմ երկու որդի, սիրող կին և ապրում եմ իմ սիրելի երկրում»․ Արամ mp3-ն՝ 36-ամյակի օրիգինալ օրվա ու անհանգստության մասին


«Ունեմ երկու որդի, սիրող կին և ապրում եմ իմ սիրելի երկրում»․ Արամ mp3-ն՝ 36-ամյակի օրիգինալ օրվա ու անհանգստության մասին
Ապրիլ 6 18:27 2020

Արամ mp3-ն երեկ տոնել է 36-ամյակը։ Նա ասաց, որ հիշարժան տարեդարձների պակաս չունի ու հավելեց, որ այս մեկն էլ բացառություն չէ։ Երգիչն ասաց, որ վերջին տասը տարվա ընթացքում սովորել է, որ ամեն տարի ծննդյան օրն ինչ-որ բան է լինում։

 

«Օրն անցկացրել եմ միայն ընտանիքիս հետ, ինչպես այս պայմաններն են պահանջում։ Տարեդարձս սովորաբար շատ օրիգինալ է լինում, ինչ-որ հետաքրքիր բան անպայման տեղի է ունենում։ Այնպես որ, ինձ համար կանխատեսելի էր, որ այս տարի էլ հաստատ մի բան լինելու է։ Արդյունքում օրս անցավ տանը փակված»,-ասաց Արամը։

 

Երգչի խոսքով՝ այն մարդկանցից չէ, որոնք ծանր են տանում, երբ օրն իրենց ծրագրածով չի անցնում․ «Բնականաբար, շատ շնորհավորանքներ են եղել թե՛ համացանցում, թե՛ տարբեր տեսանյութերով, սակայն տնից դուրս չենք եկել, մնացել ենք տանը։ Իրավիճակին հարմարված ծնունդ էր, թեև առաքումների տարբերակով էլ նվերներ եմ ստացել։ Բնականաբար, հաճելի կլիներ, եթե բոլորով հավաքվեինք, բայց չեմ նեղվել»։

Երգիչը նշեց, որ օրվա հետ կապված որևէ բան չէր ծրագրել․ «Իմ տարեդարձի հետ կապված ցանկացած միջոցառում ես պլանավորում եմ մաքսիմում մեկ շաբաթ առաջ։ Այս դեպքում մեկ ամիս առաջ էլ կանխատեսելի էր, որ որևէ բան չի լինելու»։

Երգիչը, խոսելով տարիքի մասին, նշեց, որ իր համար 36-ը նույնն է, ինչ 25-ը․ «Ասում են՝ 40-ն է վախենալու։ Եթե խոսենք զուտ առողջական վիճակի մասին, չկան, օրինակ, ֆիզիկական ինչ-որ բաներ, որ ցանկանամ, բայց չկարողանամ անել։ Խոսք կա, որ տղամարդու կյանքում ամենաուժեղ շրջանը մինչև 40-ն ընկած ժամանակահատվածն է։ Այնպես որ, վախենալու շրջանի մասին գուցե կարողանանք խոսել 40-ամյակիցս հետո»։

Արամը ժպիտով նկատեց՝ կան դեպքեր, երբ զգում է, որ մեծ է, սակայն երբեմն էլ ճիշտ հակառակ զգացողությունն է․ «Չգիտեմ, թե որքան է անձնագրային ու հոգեբանական տարիքներիս տարբերությունը։ Երբ փոքր երեխա էի, 36-ն ինձ համար շատ մեծ տարիք էր մտածում էի, որ այդ տարիքի մարդիկ ծեր են։ Պարզվում է՝ ոչ։ 36-ը շատ էլ նորմալ տարիք է։ Առույգ եմ, ակտիվ եմ ու երիտասարդ։ Ծերանալու երևույթն էլ մարդու տեսակից է գալիս։ Կան դեպքեր, երբ 20 տարեկան մարդն իրեն ծեր է զգում ու այդպես էլ պահում »։

Արամի ցանկությունների ցանկում տարիքի հետ նոր նշաձող է սահմանվել։ Ասում է՝ ցանկություններն ու նպատակները միշտ ավելացման ընթացքի մեջ են։ «Երբ մեծանում ես, ինչ-որ ձեռքբերումներ ունենում, հասնում որևէ կետի, նոր կետեր են ավելանում։ Եթե կոնկրետ կյանքի նպատակներից խոսենք, որոնք ցանկանում էի պատանեկութան տարիներին, բնականաբար, շատ-շատ կետեր եմ իրականացրել։ Առաջ շարժվելով՝ փորձում եմ իրականացնել ցանկություններս ու, ըստ ժամանակի, նոր նպատակներ առաջ բերել։ 36 տարեկան եմ, ունեմ երկու որդի, սիրող կին, տուն, ընտանիք և ապրում եմ իմ սիրելի երկրում․ սրանից ավելի ի՞նչ է պետք»։

Երգիչն անդրադարձավ նաև ներկայիս արտակարգ իրավիճակում իր գրաֆիկին։ Արամին անհանգստացնում է ոչ թե ներկայիս պասիվությունը, այլ դրան հաջորդող հնարավոր զարգացումները․ «Հեշտ չէր այս գրաֆիկին հարմարվելը, սակայն մարդ իր տեսակով ամեն ինչին կարողանում է ադապտանալ։ Ինձ մոտ վախ կա այս ամենի հակառակ էֆեկտից։ Երբ սա ավարտվի ու այս պասիվությունից մարդը վերադառնա ակտիվության, գուցե, խնդիրներ առաջանան։ Դու ակտիվությունդ փոխարինում ես ընտանիքով, ինչը վատ այլըտրանք չէ մարդու համար և սա է պատճառը, որ ծանր չես տանում։ Բնականաբար, շատ նախագծեր, ծրագրեր են չեղարկվել ու հետաձգվել։ Սակայն փորձում ենք բացասականի վրա չկենտրոնանալ»։