Թողեք թող աշխատեն ու սպառվեն, արդեն տեսանելի է մաշված պոպուլիզմի իրական սնանկությունը. Վլադիմիր Մարիտիրոսյան

Թողեք թող աշխատեն ու սպառվեն, արդեն տեսանելի է մաշված պոպուլիզմի իրական սնանկությունը. Վլադիմիր Մարիտիրոսյան
Ապրիլ 5 21:38 2020

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում իշխանությունների գործելաոճին։ Նա մասնավորապես նշել է, որ իշխանություններն աշխատելու փոխարեն աշխատում են չսխալվել։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

 

«Իմ լավ ընկերներ, իշխանության գործունեության վերաբերյալ Ձեր արդեն խրոնիկ դարձած քննադատական, ընդիմացող և զարմացող արձագանքները և դիսոնանսներն ունեն մեկ ելակետային խոտան:

 

Դուք լուրջ եք ընդունում այն ամենը ինչ նրանք անում, խոսում, լայվում և մտածում են: Ձեր/մեր քննադատական և կատեգորիալ ապարատը և նրանց գործունեության հիմքերը, մեթոդները և գերակայությունները իրար հետ բացարձակապես կապ չունեն:

 

Տեղի է ունենում քաղաքականության բացարձակ «կենցաղավարացում», որտեղ որոշումները ընդունվում են հենց այդպիսի մեկնարկային դիրքերից, որից հետո դրանց տրվում է քաղաքական ֆորմա և դիզայն:Մի ուղղորդեք, զարմացեք և նույն թեմաներով կշտամբեք նրանց: Նրանք պահում են ֆոն, ֆորմա,աշխատելու փոխարեն աշխատում են չսխալվել: Նրանք խոսում, աշխատում են ոչ թե Ձեր, այլ իրենց ընտրողների համար և նրանց կոչում ողջ «ժողովուրդ»:

 

Մենք բոլորս նրանց համար զուգահեռ իրականությունից ենք և արդեն ոչ թե օպոնենտի, այլ «թշնամու» կերպարով: Ռացիոնալ բոլոր հորդորները, խորհուրդները, ելակետային և արժեհամակարգային հորդորները ոչ թե տեղ չեն հասնում, այլ որպես գործիքակազմ` օրգանապես կիրառելի չեն իրենց կողմից:

 

Կրկնվեմ, «թողե՛ք թող աշխատեն» ի մեջ մեծ մարգարեություն կա: Թողեք թող աշխատեն ու սպառվեն, արդեն տեսանելի է մաշված պոպուլիզմի իրական սնանկությունը, ինչը իրենք անում են կոսմիկական արագությամբ և նախանձելի համառությամբ: Ոչինչ չի կործանվի և ոչինչ չի քանդվի բացի անգիտակից կործանել և քանդել ցանկացողներից:

 

Կհաջողի նա, ով կաշխատի «ընտրողի» հետ. կձախողի նա, ով կաշխատի «ժողովրդի» հետ»:

loading...