(Բացառիկ տեսանյութ).Մարզպետ Խաչատրյանի գլխավորությամբ առաջին կամավորները Սյունեցիներն են եղել, որ շտապել են առաջնագիծ

(Բացառիկ տեսանյութ).Մարզպետ Խաչատրյանի գլխավորությամբ առաջին կամավորները Սյունեցիներն են եղել, որ շտապել են առաջնագիծ
Ապրիլ 3 23:42 2020

Սյունիքից մոտ 250 երկրապահ 2016 թվականի ապրիլի 2 -ի գիշերը  ժամանել են Ստեփանակերտ: Երկրապահներին, որոնց գլխավորում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, դիմավորել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։

 

 

 Ստորև ներկայացնում են Սուրիկ Խաչատրյանի հարցազրույցը.

 

 <<Հայրենասիրությունն անթեղված էր մեր ժողովրդի մեջ, բավական էր մի կայծ, որ նորից այն բռնկվի>>. Սուրիկ Խաչատրյան

 

1994 թվականի մայիսից տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը մի օր վերածվելու էր ռազմական բախման, և դա տեղի ունեցավ ապրիլի լույս 2-ի գիշերը, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի սահմանի ամբողջ երկարությամբ: Մտավախությունը, որ այն ոգին ու միասնականությունը չեն լինի, ինչի շնորհիվ 1994-ին արձանագրվել է հաղթանակն Արցախյան պատերազմում, հօդս ցնդեց: Ականատես եղանք մի աննախադեպ միասնականության, համախմբումի, որն արձանագրվեց նաև Սյունիքի մարզում:

 

Չորս օր տևեցին ռազմական գործողությունները, բայց դրանից հետո ևս սյունեցի կամավորները մարտական դիրքերում են ու շարունակում են հերթապահել: Ապրիլի 3-ի երեկոյան ճակատ մեկնող կամավորների խումբը գլխավորում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ում հետ էլ մեր հարցազրույցը քառօրյա պատերազմի եւ դրանից հետո ստեղծված իրավիճակի մասին է:

***

- Ապրիլյան չորս օրերին Սյունիքի մարզի երկրապահներից և ժամկետային զինծառայողներից զոհեր եղան, անդառնալի կորուստներ, այդ ցավը նաև Ձեզ է պատել, մասնակցել եք նահատակների հուղարկավորություններին, փորձել սփոփել նրանց հարազատներին, ի՞նչ ունեք փոխանցելու մեր թերթի ընթերցողներին:

- Շատ ծանր էր այդ ամենը բոլորիս համար, բայց պատերազմն էլ իր չգրված օրենքներն ունի, պատերազմում անխուսափելի են զոհերը: Սյունիքից զոհեր շատ եղան: Սա է իրողությունը: Համոզված եմ, որ մարտական գործողությունների ժամանակ այդքան կորուստ չէինք տա, բայց հակառակորդն օգտագործեց անօդաչու թռչող սարքեր, ինչը նորություն էր հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ընթացքում: Դրա <<հակաթույնը>> տղաները չունեին, անտեղի զոհեր ունեցանք. սա է տխրեցնողը: Կարող եմ ասել, որ զոհվածների հարազատները ևս այն գիտակցումն ունեն, որ այսօրվա պատերազմը տարբերվում է 1990-ականների պատերազմից. նկատի ունեմ Ադրբեջանի՝ նորագույն ռազմական տեխնիկայով զինված լինելը: Բոլոր առումներով նոր իրավիճակ էր ռազմադաշտում: Բայց, ինչպես երևում է այժմ, տղաները հարմարվել են այդ ամենին՝ և՛ սահմանների պահպանության, և՛ իրենց անձի անվտանգության հարցերն արդեն լուծված են:

- Այսօր ապրիլի 11-ն է, տեղյակ ենք, որ Դուք մշտական կապի մեջ եք Սյունիքից սահման մեկնած կամավորական ջոկատների հրամանատարների հետ, խնդրում ենք ներկայացնել մեր ջոկատների վիճակը:

- Օրվա մեջ մի քանի անգամ կապ է լինում տղաների հետ, նրանց ոգին ու տրամադրությունը տեղն է, Սյունիքի կամավորները պաշտպանում են երկու թև՝ 6-րդ պաշտպանականի ընդհանուր հրամանատարն Աշոտ Մինասյանն է՝ փորձառու, մարտական ճանապարհ անցած հրամանատար, 7-րդ-ի հրամանատարը գնդապետ Մելիքսեթ Պողոսյանն է՝ առավել քան փորձառու մի զինվորական, ումից շատերը պիտի սովորեն ռազմական գործը: Այսօր նրանց ղեկավարությամբ պաշտպանական գործեր են արվում, ամրացվում խրամատները, դրանք մի օրվա համար չեն:

1990-ական թվականներին սյունեցի ազատամարտիկները հիմնականում հարավային թևում են եղել, ամեն քար ու թփի ծանոթ էին, սակայն քանի որ այսօր գտնվում են հյուսիսային թեւում, տղաներին մեկ-երկու օր էր անհրաժեշտ, որ իրավիճակին ծանոթանային ու ամբողջովին տիրապետեին, ինչն արդեն հետեւում է: Այսօր ոչ մի խնդիր չի ծագում նրանց կողմից մարտական առաջադրանքները կատարելիս:

Նոր հերթափոխը պատրաստ է, բայց քանի որ այդ մասին ընդհանուր հրաման պիտի լինի, սպասում ենք դրան: Այսօր հեռաձայնել ենք, որ տղաների հագուստի հարցն էլ լուծվի, հրաման լինելու դեպքում հերթափոխի գործընթացը մի քանի ժամվա ընթացքում կլուծենք: Մեր բոլոր գործողությունները համաձայնեցնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի հետ, ոչ մի խնդիր չունենք:

- Ապրիլի 3-ը միասնության, համախմբության օր էր, բոլորս ականատես եղանք համերաշխության մի յուրահատուկ դրսևորումի…

- Այդ օրվան դեռ շատ ենք անդրադառնալու, ադրբեջանցիների նախաձեռնած լայնածավալ հարձակումը եւ մեր ժողովրդի արձագանքը, համախմբումը, պատրաստակամությունը՝ կանգնել ժամկետային զինծառայողների կողքին, դեռ երկար են հիշվելու: Կուզեի մեր ժողովրդին երախտագիտություն հայտնել այդ ինքնաբուխ արձագանքի համար, չափազանց հուզիչ էր համախմբումը, չկային տարաձայնություններ, քաղաքական կուսակցությունները մի բռունցք էին դարձել: Արցախ-Հայաստան-Սփյուռք ավելի համախմբվեցին մի դրոշի ներքո: Մեր հաջողության գրավականը հենց դրա մեջ էր: Եվ այդ ամենի համար խոնարհվում եմ բոլորի առջև՝ ծերունու, երիտասարդի, երեխայի, բոլոր, բոլորի: Շատերը գուցե չէին պատկերացնում, որ ազգովին կարող ենք նման ձևով համախմբվել: Կարծում էին՝ ոմանք կարող էին ինչ-ինչ առիթներով նեղացած լինել, բայց… Փառք ու պատիվ Արցախյան պատերազմում կռվածներին, ովքեր մի ձգտում ու նպատակ ունեին՝ հնարավորինս շուտ հասնել ռազմաճակատ: Բոլորն էլ քաղաքականությունից վեր կանգնեցին, խնդիրը միայն սահմանների պահպանությունն էր: Հավատացնում եմ՝ և՛ Ռուսաստանից, և՛ այլ գաղթօջախներից շատ տղաներ ինքնաթիռով հասան Հայաստան ու մեկնեցին ռազմաճակատ:

- Եվ ինչո՞վ էր պայմանավորված, որ գլխավորեցիք երկրապահ կամավորականների Սյունիքի ջոկատը:

- Նախ՝ ԵԿՄ Սյունիքի կազմակերպության նախագահն եմ՝ մի կողմ դնելով հանգամանքը, որ Սյունիքի մարզպետն եմ, նաև հայ մարդ եմ ու մարտական փորձ ունեցող, և պարտավորված զգացի իմ ձեռքը վերցնել այդ նախաձեռնությունը: Միայն տղաներին առաջնագիծ ուղարկելը չէր խնդիրը, այլ նաև նրանց ապահովումը հանդերձանքով ու զենքով, տեղավորելը և այլն:

- Դուք առաջին իսկ օրը մոբիլիզացիոն աշխատանքների հետ մեկտեղ զբաղված էիք այսպես ասած թիկունքով, Ձեր առաջին հանձնարարություններից մեկը մարզի բոլոր քաղաքապետարաններում, գյուղապետարաններում, խոշոր կոլեկտիվներում հերթապահության կազմակերպումն էր:

- Մինչեւ այժմ այդ հերթապահությունը կա: Միաժամանակ՝ քաղաքապետարաններում ձեւավորված են հանձնաժողովներ, որոնք զբաղված են իրավիճակից բխող խնդիրների լուծմամբ՝ զոհվածների հուղարկավորություններ, հիվանդների տեղավորում, օգնության կազմակերպում…

- Եվ այդ նույն օրը մարզում մի շարժում սկսեց, ինչպես նաև ամբողջ հանրապետությունում, աջակցել կամավորականներին…

- Մինչև հիմա այդ շարժումը շարունակվում է, չնայած, որ մի քանի օր առաջ դպրոցներում արգելեցի երեխաներից, ծնողներից գումար հավաքելը: Դպրոցահասակ երեխայից գումար պահանջելը, թեկուզ սահմանի պահպանության համար, հարիր չէ մեր օրերի համար: Եթե ֆինանսական խնդրի անհրաժեշտություն լինի, գիտենք՝ ում դիմել, իհարկե, հանձնաժողովների միջոցով համակարգելով ու հաշվառելով հանգանակված միջոցները: Բանն այն է, որ յուրաքանչյուրը հետաքրքրված է, թե իր ներդրած գումարը նպատակային օգտագործվե՞ց, թե՞ ոչ: Միշտ մտածել եմ, որ հանգանակված գումարների հանդեպ զգույշ պիտի լինել:

- Կամավորականների շարժումը մարզպետարանի կողմից նախաձեռնվա՞ծ երեւույթ էր, թե՞ ժողովրդի սրտաբուխ նախաձեռնության դրսևորում:

- Դա սրտաբուխ երևույթ էր, թեպետ ասենք, երբ ապրիլի լույս 2-ի գիշերն իմացանք հակառակորդի հարձակման մասին, կապ հաստատեցինք ՀՀ պաշտպանության նախարարի հետ, ով էլ հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում հրաման լինելու է, հետո նախարարն ասաց, որ իսկապես կամավորների կարիք կա, և ԵԿՄ տարածաշրջանային կառույցների ղեկավարներին անհապաղ փոխանցեցի, որ կազմ ու պատրաստ լինեն: Այսպես ասած՝ ժողովրդի սրտաբուխ շարժումը և կազմակերպչական պահն էլ մեկտեղվեցին:

- Եվ մի բան էլ նկատվեց. առաջնագիծ գնալը հայրենասիրական զգացմունքի դրսևորում էր, բայց ըստ էության պատերազմի բովով անցած տղաներն էին, որ առաջինը զենք վերցրին նորից:

- Այո, առաջինն Արցախյան պատերազմի հաղթանակը կռողներն էին՝ մերօրյա ազատամարտի մասնակիցները, որոնց ուսերին մեծ պարտավորվածություն կար վերստին կանգնելու սահմանին: Նրանք այն ժամանակ էլ են կամավոր եղել, առաջին դեպքում էլ որևիցե մեկի կողմից հրաման չի եղել, եւ այն ժամանակ այնպես չէր, որ որևէ մեկը հրաման տար: Հայրենասիրությունն անթեղված էր մեր ժողովրդի մեջ, բավական էր մի կայծ, որ նորից այն բռնկվի:

- Այս վերջին երկու-երեք օրը հատկապես Կարմիր խաչի օժանդակությամբ զոհվածների, անհետ կորածների մարմինների փոխանակման, զոհվածների ճանաչման գործընթաց է տեղի ունենում: Ի՞նչ կասեք այդ առումով:

- Նախ՝ տեղեկացնեմ, որ Կարմիր խաչին, որպես միջնորդ կազմակերպություն, ադրբեջանցիները չեն ընդունում: Հրադադարն Ադրբեջանի նախաձեռնությունն էր, որովհետև մեկ օր շարունակ Ադրբեջանի իշխանությունը խնդրում էր, որ կրակը դադարեցվի՝ ելնելով իրավիճակից և տեսնելով իրենց կողմից զոհերի քանակը, կռվողների շարքերում տիրող խուճապը: Զոհվածների դիերը ռազմադաշտից հանելը և փոխանականությունն իրենց նախաձեռնությունն էր:

- Իսկ զոհվածների մեջ Սյունիքից կա՞ն, թե՞ ոչ:

- Այս պահի դրությամբ եթե լիներ, ես կիմանայի, բայց նման տեղեկություն չունեմ, մոտ ժամերս ավելի հստակ կլինի՝ կա՞ն, թե՞ չկան:

- Կուզեինք իմանալ վիրավորների վիճակի մասին, քանզի այդպիսիք հաստատ ունենք:

- Ունենք երկու ծանր վիրավոր, մեկը՝ Կապանից՝ երիտասարդ երկրապահներից, մյուսը Սիսիանի Սպանդարյան գյուղից է՝ Վարազդատը: Կապանցին խրամատում է վիրավորվել, ականանետից, վիճակը կայուն է, բայց ծանր: Վարազդատը վիրավորվել է անօդաչու սարքի հարվածից, երկու անգամ վիրահատել են, յոթ օր անցել է վիրահատելուց հետո, ինչը հույս է ներշնչում, որ դրական տեղաշարժ կլինի:

- Մի սրտաբուխ նախաձեռնություն էլ մարզում այն էր, որ մարդիկ հերթ էին կանգնում արյուն հանձնելու համար:

- Ասեմ, որ ամենուր՝ հանրապետության արյան հանձման կայաններում, հերթեր էին գոյացել: Մարդիկ մտածում էին, որ եթե չեն կարողանում առաջնագիծ գնալ, գոնե այդպիսով օգտակար լինել կռվող տղաներին: Արժանին պիտի մատուցել բոլորին, ովքեր զենքը վերցրին և մեկնեցին ռազմաճակատ, ովքեր արյուն հանձնեցին, ովքեր օգնություն ցուցաբերեցին…

Կրկնում եմ՝ համերաշխության մի աննախադեպ մթնոլորտ էր ստեղծվել. չկար իշխանություն-ընդդիմություն հակադրությունը, նեղացած, չարացած մարդ չկար, բոլորը-բոլորը մի դրոշի տակ էին: Տեսանք նաև սփյուռքի մեր հայրենակիցների համախմբումը, թե ինչ հանրահավաքներով էին դատապարտում Ադրբեջանի ագրեսիան, որոշները եկան մայր հայրենիք և մեկնեցին Արցախ: Արցախի հյուրանոցներում, ինքս եմ ականատես եղել, տեղ չկար: Կռվել ցանկացողներից ոմանք մնացին ռեզերվում: Այդպիսի իրավիճակ էր…

- Այժմ, երբ հարաբերական անդորր է տիրում, մամուլում փորձում են ամփոփումներ անել, բացթողումներ նշել դիվանագիտական, ռազմաքաղաքական ոլորտներում եւ այլն: Ի՞նչ եք կարծում, ամփոփելու, դասեր քաղելու խնդիր ունե՞նք այսօր, թե՞ այդ ամենը թողնենք հետագա օրերին:

- Կարծում եմ՝ դրա ժամանակն էլ կգա: Այս համատեքստում ուզում եմ նշել, որ հանրապետության նախագահը դիվանագիտական դաշտում ճշգրիտ քայլեր ձեռնարկեց: Եվ համաշխարհային հանրությանը հասու եղավ Ադրբեջանի ագրեսիան: Կային պետություններ, իհարկե, որ կատարվածի առիթով երկակի չափանիշներ էին կիրառում, բայց կային նաեւ այնպիսիք, որ դատապարտում էին Ադրբեջանի նախահարձակումն ու կանգնում Արցախի կողքին:

- Այս ամենով հանդերձ ի՞նչ կուզենայիք փոխանցել Սյունիքի բնակչությանը:

- Ես ընդամենն ուզում եմ բոլոր սյունեցիներին շնորհակալություն հայտնել, խոնարհվում եմ բոլորի առջեւ, որովհետեւ սյունեցիները մեկ անգամ ևս իրենց դրսևորեցին որպես հայրենապաշտ, նվիրյալ ժողովուրդ, և եթե վաղը, <<Աստված մի արասցե>>, թշնամին նորից մեզ պատերազմի մեջ ներքաշի, համոզված եմ, կտուժի, քանզի մեր ժողովուրդն առավել քան պատրաստ է, իսկ զինվորները՝ մարտականորեն տրամադրված:

 

 

 

 

 

 

 

 

 

 

loading...