​Արցախի նախագահի ընտրության ելքը կանխորոշված է. Armlur.am


​Արցախի նախագահի ընտրության ելքը կանխորոշված է. Armlur.am
Մարտ 31 13:35 2020

Armlur.am-ը գրում է․ «Այսօր, ի վերջո, Արցախում կայանալու են համապետական ընտրությունները, արցախցիները ընտրելու են ե՛ւ նախագահ, ե՛ւ խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Արցախում ընտրությունների մասով լարվածությունը շատ մեծ է, ու, կարելի է ասել, հիմնականում Արցախում կենտրոնացել են նախագահի ընտրության վրա:

Ըստ մեր տեղեկությունների՝ եթե այս ժամանակահատվածում մշտապես նշվել էր, թե Արցախում տեղի ունենալիք նախագահի ընտրությունը երկրորդ փուլ է ունենալու, եւ այդ փուլում Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայլիյանն են լինելու, ապա նախօրեին թեկնածուների միջեւ տեղի ունեցած հեռուստաբանավեճից հետո նշվում է, որ երկրորդ փուլում հայտնվելու են Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին թեկնածուների միջեւ պայքարն ու լարվածությունը հասել է իր պիկին: Թեկնածուները ակնհայտ ցույց են տալիս, որ իրենք անողոք պայքար են մղելու այսօր Արցախի նախագահի աթոռը զբաղեցնելու համար:

Նշենք նաեւ, որ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հայաստանյան իշխանությունները այս օրերին աշխատում են, որ Արցախում նախագահ կարգվի Մասիսի Մայիլյանը, որի հովանավորը համարվում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մայիլյանին հովանավորում է նաեւ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, որը երկար ժամանակ արտաքսված ու մեկուսացված էր Արցախից:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին մասնակցելու են «Անկախության սերունդ» կուսակցության թեկնածու Ռուսլան Իսրայելյանը, «Արդարություն» կուսակցությունից Վիտալի Բալասանյանը, Արցախի պահպանողական կուսակցությունից Դավիթ Բաբայանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից Դավիթ Իշխանյանը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունից Աշոտ Ղուլյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունից Հայկ Խանումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից Արայիկ Հարությունյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունի Վահան Բադասյանը, ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։

Նյութը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ



loading...