Չեմ վախենում կորոնավիրուսից, ես վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից․ Թանկյան


Չեմ վախենում կորոնավիրուսից, ես վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից․ Թանկյան
Մարտ 31 12:06 2020

«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայում է ինքնամեկուսացման մեջ: Այդ ընթացքում աշխարհահռչակ երաժիշտը հարցազրույց է տվել նորզելանդացի հայտնի լրագրողներից մեկին: 

«Չեմ վախենում կորոնավիրուսից, ես վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից, ինչ հիմա կատարվում է, և շարունակում ենք այն, ինչ անում էինք: Եվ առանց հասկանալու՝ գնում ենք դեպի մեր անկայուն ապագան»,- ասել է նա: 

Թանկյանը կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակը մարդկանց համար տարբեր հարցերում սեփական մոտեցումները վերանայելու հնարավորություն է:  

«Սա չնախատեսված դադար է՝ պատրադրված բնության կողմից, որը մեզ ստիպում է մտածել, թե որն է զարգացվածության չափանիշը, այն գնահատելու սանդղակը: Մինչև հիմա այդ չափանիշը տնտեսական աճն էր, որն ակնհայտորեն դիմացկուն չէ: Սա ստիպում է մեզ հետքայլ անել ու մտածել, թե որը պետք է լինի մեր հաջորդ չափանիշը, ապրելակերպի՞ բարելավումը, երջակությա՞ն շատացումը… 

Սա հիանալի հնարավորություն է նորից մտածելու այն մասին, թե մեզ համար՝ որպես քաղաքակրթության, ինչն է զարգացում, ինչն է իրոք կարևոր: Տնտեսության կայուն զարգացումը դիմացկուն երևույթ չէ, և սա կատարյալ օրինակ է, թե ինչ կարող է անել բնության կողմից այդ մի փոքրիկ բանը: 

Մենք այնքան խոցելի ենք: Փոքրիկ բանը կարող է այսպես ամեն ինչ կանգնեցնել: Մենք պետք է ավելի խելացի լինենք էկոլոգիայի ապագայի հարցում»,- ասել է Թանկյանը և նշել, որ ստեղծված իրավիճակը կնպաստի, որ աշխարհը կփոխվի, ու դա կլինի մարդկանց պատճառով: 

«Սա վախենալու բան է, բայց աշխարհի վերջը չէ, սա այն աշխարհի վերջն է, որը մենք ճանաչում ենք, բայց ոչ թե վիրուսի պատճառով, այլ մեր պատճառով»,- ասել է Թանկյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: