Հեռախոսազանգերի հետ կապված հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման. Ռուստամ Բադասյան


Հեռախոսազանգերի հետ կապված հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման. Ռուստամ Բադասյան
Մարտ 31 11:34 2020
Video Player
 

Ազգային ժողովում մարտի 30-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցումն է անցնում:

Արդարադատության նախարարը նշեց, թե ինչ է նախատեսվում կատարել այս նախագծի ներքո, ինչ չի արվելու և ինչ փոփոխությունների է ենթարկվել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ:

Նախարարն այս մասին նաև հայտնել է. «Նախագծով համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման։ Նախագծի սկզբնական տարբերակում նշվում էր, որ ապանձնավորված տվյալները (վիճակագրական տվյալներ են և չեն նույնացնում անձին) կարող են պահպանվել, բայց դա էլ կհանվի նախագծից՝ մտահոգվեու որևէ հիմք չտալու համար, որ անձի մասին տվյալները կարող են որևէ կերպ հասանելի լինել համաճարակի դեմ պայքարից բացի այլ նպատակով։

 

Նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում։ Խնդիրը պարզ է․ ունենալ տեղեկատվություն, որով հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել մեկուսացման միջոցառումներ՝ պաշտպանելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։ Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության (թեև նման դեպքերը իրատեսական էլ չեն)։ Մեկ կարևոր կետ ևս․ խոսքն այնպիսի տեղեկատվություն մեկտեղելու մասին է, որն այսօր պահպանվում և օգտագործվում է օպերատորների կողմից և դա մեկտեղելով և անհրաժեշտության դեպքում վերլուծելու միջոցով (վարակակրի կոնտակտները հասկանալու համար)՝ պետք է արդյունավետ պայքար մղվի համաճարակի դեմ։

Եվս մեկ կարևոր դիտարկում․ այս միջոցառումները կարող են իրականացվել բացառապես համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում։

Զանգերը ֆիքսելու փաստը կարևոր է, քանի որ, եթե ֆիքսվեն վարակակրի զանգերը վերջին 14 օրվա ընթացքում (բովանդակությունը հասանելի չի լինելու) և դրանք համադրվեն տեղորոշման հետ, համաճարակի դեմ պայքարի հարցում այս տեղեկությունը չափազանց կարևոր և արդյունավետ կլինի։ Օրինակ՝ վարակակիրը խոսել է 10 անձի հետ, 10-ից հինգի հետ նաև պարբերաբար նույն տեղանքում է եղել։ Սա նշանակում է, որ այդ 5 անձինք, մեծ հավանականությամբ, շփվել են վարակակրի հետ։ Այս գործիքակազմի կիրառման արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերջիններիս նկատմամբ, լրացուցիչ ստուգողական գործողություն կատարելով (օրինակ զանգի միջոցով) հայտնաբերել, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ նշված անձանց շփումը այլ քաղաքացիների հետ (կստուգվեն նաև այդ հինգ անձանց կոնտակտները և այդպես շարունակ)։ Մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի»:

Իրավաբան.net