Եվրոպական երկրներում հրաժարվում են չինական անորակ դիմակներից ու կորոնավիրուսի թեստերից․ Meduza


Եվրոպական երկրներում հրաժարվում են չինական անորակ դիմակներից ու կորոնավիրուսի թեստերից․ Meduza
Մարտ 31 00:28 2020

Նիդերլանդների հիվանդանոցներից հետ է կանչվել 600 հազար FFP2 տեսակի շնչադիմակ՝ թերի ֆիլտրերի պատճառով: Նույն խմբաքանակից ևս 700 հազար դիմակ էլ չի բաժանվի բժշկական հաստատություններին։ Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հղում տալով Vice-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիդերլանդների հիվանդանոցներում պաշտպանիչ դիմակները չեն բավականացնում, այդ իսկ պատճառով բուժանձնակազմը ստիպված է լինում եղած դիմակները մի քանի անգամ օգտագործել՝ ստերիլիզացնելուց հետո։

 

Նիդերլանդների Առողջապահության նախարարի խոսքով՝ անորակ դիմակների խնդրին բոլոր երկրներն են բախվել։ Հղում տալով The Brussels Times-ին, Meduza-ն գրում է, որ Բելգիայում հրաժարվել են Չինաստանից 3000 պաշտպանիչ դիմակ ներկրելուց։ Ըստ The Guardian-ի տեղեկության՝ Իսպանիայում էլ հրաժարվել են կորոնավիրուսն ախտորոշող 9000 թեստից, քանի որ դրանց ճշգրտությունը 30% է եղել։ Մինչ այդ՝ երկրում հայտարարվել էր, որ թեստերի, դիմակների, ձեռնոցների և անհատական պաշտպանության այլ միջոցների ձեռքբերման համար 432 միլիոն եվրո կծախսվի։

 

Մադրիդում Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնել է, որ թեստերը պատրաստվել են Shenzhen Bioeasy Biotechnology ընկերության կողմից, որը Չինաստանի կողմից չունի բժշկական սարքավորումներ արտադրելու պաշտոնական արտոնագիր։ Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիան ևս հրաժարվել է կորոնավիրուսի չինական թեստերից, քանի որ դրանք չեն համապատասխանում ճշգրտության չափանիշներին:

factor.am