Իսպանիայում հանցագործները կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով ներխուժում են տներ


Իսպանիայում հանցագործները կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով ներխուժում են տներ
Մարտ 30 18:20 2020

Իսպանիայում հաճախակիացել են կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով տներ ներխուժելու դեպքերը: Հանցագործները բուժաշխատողների անվան տակ բնակիչներին խնդրում են բացել դռներն ու ներխուժում են տներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Իսպանիայի ազգային ոստիկանության գլխավոր կոմիսար Խոսե Անխել Գոնսալեսին:

«Անցյալ շաբաթ մենք ֆիքսել ենք, որ մի շարք հանցագործներ ներկայացել են որպես տարբեր ծառայությունների աշխատակիցներ, որպեսզի ներխուժեն բնակարաններ և հանցագործություններ կատարեն»,-ասել է կոմիսարն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում:

Գոնսալեսի խոսքով՝ մի շարք դեպքերում կասկածյալները փորձել են ներխուժել տներ բժիշկների կամ սանիտարների անվան տակ, որպեսզի իբր կորոնավիրուսի անալիզ վերցնեն: Բացի այդ, հանցագործները խնդրել են բացել դռները դիմակներ և ձեռնոցներ բաժանելու պատրվակով:

Խոսե Անխել Գոնսալեսը կոչ է արել իսպանացիներին դռները չբացել անծանոթ մարդկանց առջև:  

Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 812-ով, մահվան դեպքերի ընդհանուր թիվը համավարակի սկզբից գերազանցել է 7000-ը:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից  33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։