Իրանում գրեթե 500 մարդ է մահացել՝ կորոնավիրուսը «բուժելու» համար մեթանոլ խմելով. AP


Իրանում գրեթե 500 մարդ է մահացել՝ կորոնավիրուսը «բուժելու» համար մեթանոլ խմելով. AP
Մարտ 30 15:42 2020

Իրանում 480-ից ավելի մարդ է մահացել եւ 2850-ի առողջությանը ծանր վնաս է հասցվել մեթիլսպիրտով վարակվելու հետեւանքով, որը նրանք խմել են կորոնավիրուսային ինֆեկցիան «բուժելու» կամ «կանխարգելելու» համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության խորհրդական բժիշկ Հոսեյն Հասանյանին:

«Մյուս երկրները հիմա մեկ խնդիր ունեն՝ նոր կորոնավիրուսի համավարակը: Իսկ մենք այստեղ ստիպված ենք պայքարել միանգամից երկու ճակատով: Մենք ստիպված ենք բուժել ալկոհոլային թունավորմամբ մարդկանց եւ միաժամանակ պայքարել կորոնավիրուսի դեմ»,- ասել է Հոսեյն Հասանյանը:

Իրանում վերջին շաբաթներին տարածվում են ֆեյք լուրեր այն մասին, որ ալկոհոլն իբր կորոնավիրուսը ոչնչացնում է: Արդյունքում երկրում կտրուկ աճել է տնայնագործական ալկոհոլային ըմպելիքների պահանջարկը, քանի որ այնտեղ ալկոհոլի օգտագործումն արգելված է:

Իրանում միայն պետական ձեռնարկություններն են էթիլսպիրտ արտադրում, որն օգտագործվում է, օրինակ, հականեխիչներում: Նրանք արտադրում են նաեւ թունավոր մեթանոլ, որն օգտագործվում է արդյունաբերության մեջ: Երկու սպիրտն էլ անգույն են, իսկ որպեսզի էթանելը մեթանոլից տարբերակեն, վերջինի մեջ ներկանյութեր են ավելացնում:

Որոշ օղի թորողներ ալկոհոլային «ըմպելիքների» արտադրության համար օգտագործում են ոչ թե էթանոլ, այլ մեթանոլ՝ այն նախապես գունազրկելով: Քանի որ չի կարելի մեթանոլ խմել, դրա պարունակությամբ ըմպելիքների գործածումը հանգեցնում է զանգվածային թունավորումների:

10 մլ մեթանոլ խմելու դեպքում արդեն ծանր թունավորում է առաջանում, իսկ 80-150 մլ-ը մարդու համար մահացու է: Թունավորման ամենաթեթեւ ձեւն արտահայտվում է գլխացավով, թուլությամբ, տկարությամբ, դողով, սրտխառնոցով եւ փսխոցով:

Իրանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հիվանդանոցներ են ընդունվում մեթանոլով թունավորված ոչ միայն մեծահասակներ, այլ նույնիսկ երեխաներ: Մասնավորապես՝ հայտնի է մի երեխայի մասին, որը կուրացել է այն բանից հետո, երբ ծնողները նրան մեթանոլ են տվել:

NEWS.am Medicine



loading...