Կրթական, ճանաչողական ծրագրեր.Ազգային պատկերասրահն ակտիվ գործունեություն է ծավալում առցանց հարթակում


Կրթական, ճանաչողական ծրագրեր.Ազգային պատկերասրահն ակտիվ գործունեություն է ծավալում առցանց հարթակում
Մարտ 28 17:28 2020

Ինչպես բազմաթիվ մշակութային հաստատություններ, այնպես էլ Հայաստանի ազգային պատկերասրահը հարկադիր արձակուրդի շրջանում գործունեություն է ծավալում առցանց հարթակում՝ արվեստասերներին ներկայացնելով հետաքրքիր ու բազմաբնույթ ծրագրեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`պատկերասրահը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի շրջանակում ներկայացնելու է հեղինակների կյանքին ու գործունեությանը վերաբերող մանրամասներ, հանրամատչելի նյութեր ցուցադրված նմուշների ստեղծման մասին:

Հաջորդ տարի լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը: Այդ կապակցությամբ պատկերասրահի էջում ամեն օր զետեղվում են նյութեր, որոնք անդրադառնում են ՀԱՊ-ի շենքի հիմնադրմանը, ֆոնդերին, հավաքածուին, ինչպես նաև տարիների վաստակ ունեցող և ունեցած աշխատակիցներին: Հրապարակվում են արխիվում պահվող լուսանկարներ: Դրանց մի մասն առաջին անգամ է ներկայացվում հանրության լայն շրջանակի ուշադրությանը:

Այս նույն սկզբունքով արխիվից դուրս են բերվել և ցուցադրվում են հաղորդումներ, որոնք հանրայնացնում են թանգարանի մշտական հավաքածուն, ֆիլմեր, որոնք պատմում են այս կամ այն ժամանակաշրջանում ստեղծագործած անվանի արվեստագետների մասին:

Video Player

Կանանց միամսյակի առթիվ ցուցադրվում են պատկերասրահի հավաքածուում ընդգրկված կանանց դիմանկարիների շարքեր:

Բավականին հետաքրքիր առցանց աշխատանք է իրականացնում նաև ՀԱՊ-ի Կրթական ծրագրերի բաժինը՝ վիրտուալ տիրույթում ներկայացնելով հավաքածուից նկարներ: Կատարվում են դրա շուրջ հարցադրումներ և սկսվում է քննարկում՝ հարցուպատասխան: Այս բաժինը տարիների փորձ ունի և այդ ինտերակտիվ էքսկուրսիաները միշտ մեծ արձագանք են գտել:

Արվեստասերները մեծ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանի ազգային պատկերասրահի հանդեպ: Դա են փաստում ՀԱՊ-ի պաշտոնական էջերի  դիտումները, գրառումները և այլն:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:

 

Անժելա Համբարձումյան