Ֆրանսիայի իշխանությունները բացատրել են, թե ինչու Մակրոնը դիմակ չի կրում` հիվանդանոցներ այցելելիս. ТАСС


Ֆրանսիայի իշխանությունները բացատրել են, թե ինչու Մակրոնը դիմակ չի կրում` հիվանդանոցներ այցելելիս. ТАСС
Մարտ 26 00:28 2020

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբեթ Նդիայը լրագրողներին հայտնել է, թե ինչու երկրի նախագահ Էմանուել Մակրոնը բուժհաստատություններ կամ անօթևանների կացարաններ այցելելիս բժշկական դիմակ չի կրում:

 

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ վերջինիս խոսքով՝ ֆրանսիացի ղեկավարը նման պաշտպանության կարիք չունի, քանի որ հետևում է երկրի առողջապահության նախարարության խորհուրդներին:

 

«Ինչո՞ւ երկրի նախագահը դիմակ չի կրում: Դե, քանի որ նա դրա կարիքը չունի, քանի դեռ պահպանում է անվտանգ հեռավորությունը մյուս մարդկանցից»,- ասել է Նդիայը:

 

Նա նշել է, որ նույնիսկ նախարարներն ու վարչապետը ճեպազրույցի ժամանակ այնպես են կանգնել, որ միմյանցից անվտանգ հեռավորության վրա գտնվեն:

 

Մակրոնը փետրվարի վերջին այցելել էր մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկը, որտեղ ընդունում են կորոնավիրուսով հիվանդներին: Այնտեղ նա շփվել է անձնակազմի հետ և այցելել վերակենդանացման բաժանմունք: Մարտի 10-ին ֆրանսիացի նախագահը այցելել է փրկարար ծառայության կանչերի կենտրոն, իսկ մարտի 23-ին՝ անօթևանների ընդունման կենտրոն:

 

Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված է 22 654 մարդ, մահացել է 1333-ը, ապաքինվել՝ 3907-ը: