Արդյոք այս ձևաչափով քննարկման ժամանակ տպավորություն ստեղծվեց, որ դեռ կարելի՞ է բանակցել Ադրբեջանի հետ. Դավիթ Բաբայան


Արդյոք այս ձևաչափով քննարկման ժամանակ տպավորություն ստեղծվեց, որ դեռ կարելի՞ է բանակցել Ադրբեջանի հետ. Դավիթ Բաբայան
Փետրվար 17 18:48 2020

«Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ հստակ է մատնանշել այն կարևորագույն խնդիրները, որի մասին նաև պաշտոնական Ստեփանակերտն է տարիներ շարունակ բարձրաձայնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձագանքելով վարչապետ Փաշինյանի հրապարակած «մյունխենյան սկզբունքներին»՝ ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 6 սկզբունք, որոնք հնչեցվել են Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Դրանք նա անվանել է «Մյունխենյան սկզբունքներ»:

 

«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: 4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: 5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը: 6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»,- ներկայացրել է վարչապետ Փաշինյանը։

Դավիթ Բաբայանը շարունակելով իր միտքը՝ ընդգծեց. «Այստեղ կա և՛ պատմական, և՛ քաղաքական, և ՛ ռազմաքաղաքական բաղադրիչ։ Պատմականն այն է, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի եղել, մենք ունենք նույն իրավունքները, ինչ Ադրբեջանը՝ անկախանալու համար։ Նույնիսկ մերն ավելի հիմնավոր է, որովհետև մենք պատմականորեն հազարամյակներ շարունակ ապրել ենք այստեղ, ունեցել մեր պետականությունը՝ ի տարբերություն արհեստածին Ադրբեջանի։ Երկրորդ՝ պետք է վերականգնել ձևաչափը, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը։ Եվ չի կարող լինել վերադարձ անցյալին՝ թե՛ տարածքների ու թե՛ կարգավիճակի իմաստով։ Այսինքն՝ ՀՀ վարչապետն ասել է այն, ինչի մասին պաշտոնական Ստեփանակերտը մշտապես հայտարարել է։ Հետևաբար շատ կարևոր է նորից Ադրբեջանի նախագահի երեսին դա ասել ու հրապարակային ձևով՝ միջազգային հանրության ուշադրության ներքո»։

 

Բաբայանը կարևոր է համարում Շահումյանի ու Նախիջևանի շրջանների մասին վարչապետ Փաշինյանի հիշատակումը. «Ինչպես մենք միշտ նշել ենք՝ չունենք տարածքների հարց, ունենք սահմանների հստակեցման հարց, ու այդ սահմանների մեջ պետք է քննարկել և՛ Շահումյանն ու Նախիջևանը, և՛ Հյուսիսային Արցախը։ Այդ հարցերը պաշտոնական Ստեփանակերտը միշտ բարձրաձայնել է, հիմա երբ Հայաստանի Հանրապետությունն է դրանց անդրադարձ կատարում՝ շատ կարևոր եմ համարում։ Ալիևը երբ հավակնում է Երևանին, թող բարի լինի հասկանալ, որ իրենք չունեն պատմական ու քաղաքական հիմք դա ասելու, մենք երբևիցե չենք մոռանալու մեր Նախիջևանն ու Հյուսիսային Արցախը»։

 

Արդյոք այս ձևաչափով քննարկման ժամանակ տպավորություն ստեղծվեց, որ դեռ կարելի՞ է բանակցել Ադրբեջանի հետ, թե՞ մենք միանգամայն տարբեր բաների մասին ենք խոսում՝ դիտարկմանն ի պատասխան Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Մենք միշտ էլ տարբեր բաների մասին ենք խոսել, բայց բանակցային գործընթացն այլընտրանք չունի, ստատուս-քվոյի պահպանումը՝ ևս։ Ստատուս-քվոն պետք է պահպանվի նաև բանակցային գործընթացի շարունակականության ապահովման միջոցով։ Հետևաբար մենք ինչքան էլ հեռու լինենք, ինչքան էլ տարբեր բաների մասին խոսենք՝ խաղաղության պահպանումը պետք է շարունակվի։ Իսկ սա նաև ապահովվում է բանակցությունների միջոցով»։