Դիմել էի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդատների փակման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար. Անի Սամսոնյան

Դիմել էի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդատների փակման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար. Անի Սամսոնյան
Փետրվար 17 18:15 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պարզաբանումներ է ստացել ծննդատների փակման վերաբերյալ։

 

«Հարգելի գործընկերներ,

 

Դիմել էի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդատների փակման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։

 

Նախարարի կողմից բազմիցս նշված պատճառների մասին ներկայացվել է նաև ինձ ուղղված գրավոր պատասխանում, որոնք ձեզ արդեն հայտնի են։

 

Համառոտ ներկայացնեմ միայն հետևյալը․

 

Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրինությանն առաջարկվել է ծննդատների գործարկման մասով ներկայացնել պետական պատվերի տեղադրման նոր հայտ, որը կքննարկվի։

Տավուշի մարզի Աչաջուր առողջության կենտրոն ՊՈԱԿ-ի մասով ներկայացվել են միայն փակման հիմքերը և ապագայում հարցը նորից քննարկելու կամ փակման որոշումը վերանայելու որևէ հիշատակում չկա։

Շիրակի մարզի Մարալիկ առողջության կենտրոն ՓԲԸ-ի մասով ներկայացվել են միայն փակման հիմքերը և ապագայում հարցը նորից քննարկելու կամ փակման որոշումը վերանայելու որևէ հիշատակում չկա։

Նույնն է նաև Արտենի ԱԿ, Ծաղկահովիտի ԲԿ, Արծվաբերդի ԱԿ, Քաջարանի ԲԿ, Գառնիի ԲԿ մասով։

 

Ստացվում է, որ այս պահին որոշակի է Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոնի վերանայման հարցը։

 

Ակնհայտ է, որ մոր և մանկան առողջության պաշտպանության տեսանկյունից ծննդատները և բժշկական սպասարկումը պետք է անպայման համապատասխանեն ընդունված չափանիշներին։ Այս հարցում հակառակ պնդում լինել չի կարող։

 

Սակայն բնակչության թվաքանակի աճի տեսլականի և զարգացման ռազմավարության տեսանկյունից տրամաբանությունը հուշում է, որ ծննդատների հարցը պետք է լուծվեր ոչ թե փակման, այլ վերազինման ճանապարհով։ Այստեղ կարևոր գործոն է նաև բժշկական կենտրոնների, մարզպետարանների և առողջապահության նախարարության համատեղ ջանքերն ու համագործակցությունը, ինչը գործընթացում, իմ գնահատմամբ, բացակայել է»,- գրել է նա:

loading...