Հայ վարորդները խտրականության են ենթարկվում, իսկ թուրքերն անարգել անցնում են անցակետը. ահազանգ վարորդներից

Հայ վարորդները խտրականության են ենթարկվում, իսկ թուրքերն անարգել անցնում են անցակետը. ահազանգ վարորդներից
Փետրվար 17 17:53 2020

«Այս հերթերը միայն եղանակային պայմանններով չեն պայմանավորված, իմ մեքենան արդեն մոտ 12 օր Վլադիկավկազում ավտոկայանատեղիում կանգնած է և ոչ միայն իմ մեքենան, այլ շատ շատերի մեքենաները այդտեղ կանգնած են։ Ու մեքենաների վարորդներին որևէ հստակ տեղեկություն չեն տրամադրում, թե երբ են բաց թողնելու ու ինչու են կայանված, միայն ասել են, ուղղակի հերթ է, չեն կարողանա այդտեղից դուրս գալ, դրա համար թույլ չեն տվել, որ կայանատեղիից հանեն մեքենաները։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է գործարար Էրիկ Սահակյանը, ում մեքենան արդեն 12 օր է՝ գտնվում է Վլադիկավկազում և չի թույլատրվում Լարսը անցնել։ 

 

«Ես խոսել եմ վարորդիս հետ, նա ասում է, որ թուրքերի մեքենաները արտոնություն ունեն, նրանց հասցրել են մինչև Լարսի անցակետ, որպեսզի իրենք անցնեն, իսկ հայկական մեքենաների դեպքում այլ է։ Մեր մեքենաների զգալի մասը բարձված է սննդով, այսինքն այնպիսի ապրանքներ կան, որոնք ժամկետի խնդիր ունեն, բնականաբար, բացի Վլադիկավկազը, Ուրուխի անցակետում էլ հավաքված մեքենաներ կան ու այնտեղից էլ չեն թողնում։ Ոչ մի լուրջ պատճառ չեն ասում, բայց ճանապարհները բաց են»,- լրատվականին ասել է նա։ 

 

Հարցին՝ բոլորն ունեն այս խնդիրը, թե՞ խնդիրը միայն կապված է հայերի ու հայկական մեքենաների հետ՝ Սահակյանը պատասխանեց. «Բոլորն էլ հերթի մեջ կանգնած են, ուղղակի թուրքական մեքենաներ կլինի թե այլ մեքենաներ, կամ ովքեր, որ ինչ որ քայլեր ձեռնարկել են, որ իրենց արտոնություն տան, բնականաբար արտոնություն սիրուն աչքերի համար չեն տալիս։ Այսինքն այդ ամեն ինչը օգտագործվում է, եղանակային պայմանները ևս օգտագործվում է, որ փող աշխատեն։ Տարիներ ի վեր այդպես են աշխատել»։ 

 

Դիտարկմանը՝ սա կապո՞ւմ եք գումար աշխատելու հետ՝ նա նշեց. «Բնականաբար, իրենց համար տարբերություն չկա, թե որ ազգին ես դու պատկանում, այդ ձևով հարցերը լուծում են։ Ես չեմ կարող նշել, թե խոսքը ինչ գումարի մասին է»։

 

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել իրենց կողմից այս ուղղությամբ՝ գործարարը նշեց. «Երեկ մեր 15-20 վարորդները փորձել են կապ հաստատել Լարսում մեր ներկայացուցչի հետ, իրենց տեղեկացրել են, որ ներկայացուցիչը չի գտնվում Լարսում։ Այսինքն որևէ պատկան մարմին գոյություն չունի այնտեղ, որ աջակցություն ցուցաբերի վարորդներին։ Հիմա ուղղակի իրենց քմահաճույքով են կանգնեցրել մեքենաները։ Մեքենաները, որոնք կանգնած են ավտոկայանատեղիում, ամեն օրվա համար գումար են վճարում։ Այսօր իմ վարորդին էլ հաջողվել է դուրս գալ կայանատեղիից ու կանգնել հերթի մեջ՝ ճանապարհին։ Բայց այս հերթից բացի, առանց հերթի մեքենաներ են տանում ու Լարսով անց են կացնում, դրանք հիմնականում թուրքերին պատկանող մեքենաներն են, որոնք, իրենց խոսքով ասած, ավելի լավ են հարց լուծում»։

 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

loading...