Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան

Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան
Փետրվար 17 16:16 2020

Երբ ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը դրվեց հանրաքվեի, ամենաանհանգստացած համայնքը փաստաբաններինն էր: Անհանգստացած էին, որովհետև եթե «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը: Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանը հայտարարեց հրապարակախոս Վահան Իշխանյանը:

«Իսկ եթե իրավական պետությունը վերանում է, դատարանը՝ որպես անկախ մարմին, գոյություն չի ունենում, փաստաբանի գործը վերածվում է զրոյի: Փաստաբանն իր գործունեությունը չի կարողանալու իրականացնել, քանի որ դատարանն ամբողջությամբ կախված է լինելու վերին իշխանությունից»,-ասաց Իշխանյանը՝ նշելով, թե նույն իրավիճակը վերաբերում է նաև խոսքի ազատությանը և լրատվամիջոցներին:

«Եթե դատարանները բիրտ ձևով պետք է կախվեն իշխանություններից, իսկ այս հանրաքվեն միայն դրա համար է, ուրեմն շատ չարագուշակ օրեր են սպասվում Հայաստանին»,-նշեց նա:

Իշխանյանը մեջբերեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր եղած ժամանակ ասված խոսքը. «Այսօր հաճախ է խոսվում լրագրողական էթիկայի մասին, այդ էթիկան մեզ չի վերաբերում, մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք, և ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները»,-ասել է Փաշինյանը:

Իշխանյանն ընդգծեց՝ յուրաքանչյուր բնագավառ, մասնագիտություն առաջնորդվում է էթիկայի կանոններով: «Լրագրությունը՝ որպես մասնագիտություն, առանց էթիկայի ուղղակի գոյություն չունի: Թերթի աշխատանքն արդյունավետ է, եթե համակարգվածության մեջ է երկրի մյուս լրատվամիջոցների հետ: Էթիկայի կանոնների մեջ է մտնում նաև ատելության քարոզը, աղբյուրը չբացահայտելը»,-նշեց հրապարակախոսը:

Նա կոչ արեց ստեղծել լրագրողական մի կազմակերպություն, որը կվերահսկի լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքը, կարձանագրի խախտումները, էթիկայի խախտումներ թույլ տվող լրագրողներին կհեռացնի իր շարքերից:

Իշխանյանը կարծիք հայտնեց նաև, որ թեպետ Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի անկախության ընթացքում այս կամ այն չափով իշխանություններից կախված է եղել, բայց այժմյան ձևն ահավոր է: «Անմեղության կանխավարկածի խախտում՝ Հրայր Թովմասյանին վերաբերող ռեպորտաժում, բացահայտ սուտ հաղորդումներ»,-ասաց նա:

loading...