Կոտայքում մի քանի տասնյակ բնակարանային գողություններ են բացահայտել․ խումբը հայտնաբերվել է

Կոտայքում մի քանի տասնյակ բնակարանային գողություններ են բացահայտել․ խումբը հայտնաբերվել է
Փետրվար 17 15:40 2020

Աբովյանում և Կոտայքի մարզի մի շարք գյուղերում 2019 թվականին երկու տասնյակից ավելի բնակարանային գողություններ ու գողության փորձեր էին կատարվել: Ձեռագիրը նույնն էր: Տուն էին մտնում հիմնականում պատուհանով, գողանում բացառապես փող ու ոսկի։


Տուժողները ոստիկանություն էին դիմել: Հարուցվել էին քրեական գործեր: Իրավապահները հնարավոր բոլոր միջոցներով փորձում էին գտնել հանցագործներին, երբ հունվարի 16-ի երեկոյան ոստիկանության Կոտայքի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ նոր ահազանգ ստացվեց։ Օգտվելով տանտերերի բացակայությունից, հարմարեցված գործիքով բացել էին Նոր գյուղի տներից մեկի պատուհանն ու ննջասենյակի զարդասեղանից բանկային քարտ, ոսկյա և արծաթյա զարդեր գողացել։


Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց։ Ոստիկաններն արձանագրեցին, թե որ պատուհանն ինչպես են բացել, որտեղից՝ ինչ գողացել։ Զրուցեցին տուժողի հետ:
Բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, երբ հունվարի 25-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ևս մեկ բնակարանային գողության ահազանգ ստացվեց։ Ժամը 18-ից 21-ը հարմարեցված գործիքով բացել էին Արամուս գյուղի տներից մեկի պատուհանը, ննջասենյակի պահարանից փող ու ոսկեղեն գողացել։


Վերլուծելով դեպքերը` ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փորձում էին հասկանալ` ինչով էին իրարից տարբեր և ինչ ընդհանրություններ ունեին գողությունները:
Որոշվեց ուժեղացնել քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների համագործակցությունը, օպերատիվ իրավիճակին տիրապետելու համար ակտիվացնել շփումները բնակիչների հետ:


Լայնածավալ որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 11-ին համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինեն Աբովյանում բնակվող երեք անչափահաս, որոնցից երկուսին նույն օրը, իսկ երրորդին փետվարի 13-ին իրավապահները ներկայացրեցին ոստիկանության Կոտայքի բաժին:


Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողները 2019-2020 թվականներին Աբովյանում և Կոտայքի մարզի մի շարք գյուղերում երկու տասնյակից ավելի բնակարանային գողություններից ու գողության փորձերից բացի, նաև անձնական ունեցվածքի չորս գողություն են արել։
2019 թվականի մարտին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի մի բնակարանից և Բալահովիտ գյուղի մի տնից ոսկեղեն ու փող էին գողացել։ Նույն գյուղում ապրիլին պատուհանով երկու տուն էին մտել, հափշտակել փող ու թանկարժեք խմիչք։ Օրեր անց Աբովյանի Երրորդ միկորշրջանի մի բնակարանից էին փող ու ոսկեղեն գողացել։ Մայիսին դարձյալ պատուհանով մտել էին Աբովյանի Չորրորդ միկրոշրջանի բնակարններից մեկը և արծաթյա զարդեր հափշտակել։ Ամռանը Բալահովիտ գյուղի երկու տնից փող, ոսկյա զարդեր ու շքանշաններ էին հափշտակել։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին համարեցված գործիքով բացել էին Աբովյան քաղաքի Երրորդ միկրոշրջանի, Սարալանջի, Կոտայքի, Սևանի փողոցների բնակարանների պատուհանները, գողացել փող, ժամացույց, ոսկյա և արծաթյա զարդեր։


Եղել էին նաև դեպքեր, երբ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործը գլուխ բերել չէր հաջողվել․ հեռացել էին։ Բայց սա ամենը չէր։ Նախորդ տարվա դեկտեմբեր և այս տարվա հունվար ամիսներին նրանք Գառնի, Կամարիս, Գողթ գյուղի երեք խանութից ապրանքներ էին հափշտակել։ Գառնի գյուղի մի արտադրամասից էլ գողացել էին պղնձե և ալյումինե մալուխներ, զոդման սարք, էլեկտրական սղոց և այլ արհեստագործական գործիքներ։
Կասկածվողները խոստովանել են կատարածը։


Հանգամանքները պարզվում են:


Նախաքննությունը շարունակվում է:

loading...