Կադրային առևտուր, բենզինի վաճառք, հաշվեհարդարներ. Ով է վարչապետից թաքցնում ՌՈ-ում տիրող բարքերը


Կադրային առևտուր, բենզինի վաճառք, հաշվեհարդարներ. Ով է վարչապետից թաքցնում ՌՈ-ում տիրող բարքերը
Փետրվար 17 15:20 2020

«Առաջին լրատվական»-ը նախօրեին անդրադարձել էր ՀՀ Ռազմական ոստիկանությունում տիրող բարքերին։ Գրել էինք, որ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը չի տիրապետում բանակի հետ կապված օպերատիվ իրավիճակին, ՌՈ-ի վերահսկողությունը բանակում զրո է, ինչն էլ հանգեցնում է բանակում սպանությունների, ինքնասպանությունների դեպքերի հաճախակի կրկնության։ Բաղդասարյանը հեղափոխությունից հետո էլ՝ առ այսօր, համակարգում զբաղված է կոռուպցիոն գործարքներով, կադրային առևտրով։ Աշխատակիցներին միտումնավոր, առանց հիմքի աշխատանքից հեռացնում է, ապա վերականգնելու համար 4-6 հազար ԱՄՆ դոլար է պահանջում։ Բացի դրանից՝ սպառնալիքի ու վախի մթնոլորտում է պահում աշխատակիցներին, որպեսզի նրանցից ոչ ոք չհամարձակվի բարձրաձայնել այդ խնդիրների, իր կոռուպցիոն գործարքների մասին։ ՌՈ ներկա ու նախկին աշխատակիցների խոսքով՝ Արթուր Բաղդասարյանը նախորդ ՌՈ պետերից, հատկապես Լևոն Երանոսյանից ավելի կաշառակեր է։ ՌՈ ներկա ծառայողների խոսքով՝ Բաղդասարյանը, բացի կադրային առևտրից, նաև վաճառում է իրենց հատկացված վառելիքը, որը պահվում է մարզային ստորաբաժանումներից։ Որոշ տեղեկություններով՝ ամսական մոտ 20-30 տոննա բենզինի վաճառք է իրականացվում ՌՈ պետի միջոցով։

Մեր տեղեկություններով՝ ՌՈ այն աշխատակիցները, ովքեր համարձակվում են բողոք-նամակներ գրել վերադասին՝ Պնախարար Դավիթ Տոնոյանին կամ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, այդ նամակները առանց տեղ հասնելու վերադարձվում են Արթուր Բաղդասարյանին, և նա կանչում ու հաշվեհարդար է տեսնում նամակի հեղինակների հետ։

Նման մի քանի դեպք օրերս հայտնի է դարձել նաև «Առաջին լրատվական»-ին։ Մասնավորապես, Արթուր Բաղդասարյանը ՌՈ մի քանի աշխատողների կրճատման անվան տակ աշխատանքից հեռացրել է, ապա նրանցից գումար է պահանջել, որպեսզի վերականգնի աշխատանքի։ Այդ աշխատողներից մեկը՝ ՌՈ արդեն նախկին օպերատիվ սպա Արսեն Մինասյանը, որոշել է կատարվածի մասին ամենայն մանրամասնությամբ նամակով տեղյակ պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա Ռազմական ոստիկանությունում տիրող բարքերի մասին փաստերով, անուն-ազգանուններով նամակ է գրել վարչապետին՝ վստահ լինելով, որ այդ նամակը կարդալուց հետո վարչապետը առանց մեկ վայրկյան վարանելու աշխատանքից կազատի Արթուր Բաղդասարյանին։ Նամակը գրելուց մեկ ամիս անց նամակագրին զանգահարել է Կառավարության՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և հրավիրել կառավարություն։ Այդ հանդիպման ժամանակ, սակայն, պարզ է դառնում, որ նամակը վարչապետին չի հասել։ Ավելին, Ալեքսանդր Ղազարյանը Արսեն Մինասյանին առաջարկել է այլևս նման նամակներ չգրել Արթուր Բաղդասարյանի վերաբերյալ, փոխարենը ինքը հենց այդ պահին կզանգահարի Արթուր Բաղդասարյանին, և վերջինս Արսեն Մինասյանին մի լավ գործ կտա Ռազմական ոստիկանությունում։

 

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց զրուցել Արսեն Մինասյանի հետ։ Վերջինս հաստատեց, որ նման բովանդակությամբ նամակ գրել է վարչապետին, և 2018-ի հոկտեմբերի 10-ին Ալեքսանդր Ղազարյանը իրեն կանչել է կառավարություն: «Նա սկսեց ինձ վրա մունաթ գալ, թե՝ թող վարչապետը կարդար նամակդ, հաներ Բաղդասարյան Արթուրին գործից, ես ինչ անեմ։ Ասաց, որ հենց այդ պահին կզանգի Բաղդասարյան Արթուրին, ու ինձ մի լավ գործի կդնեն, մենակ թե էլ նամակ չգրեմ։ Ես վեր կացա տեղիցս, թույլ չտվեցի, որ որևէ մեկին զանգեր, այդ թվում՝ Արթուր Բաղդասարյանին, ասացի, որ փաստորեն այս երկրում ոչ մի բան չի փոխվել, ու հեռացա՝ պնդելով, որ ես այդ համակարգում այլևս չեմ կարող աշխատել։ Ղազարյանը խնդրեց, որ մեր հանդիպման մասին ոչ մեկին չպատմեմ, ինքը ամեն դեպքում կփորձի ինձ աշխատանքի տեղավորել ՌՈ-ում, եթե ես լավ մտածեմ»,- պատմեց Մինասյանը՝ հավելելով, որ իր պատմությունն այդպես էլ ավարտվել է, ու ոչ ինքն է համակարգ վերադարձել, ոչ էլ վարչապետն է կարդացել նամակը և տեղյակ եղել Ռազմական ոստիկանությունում տիրող բարքերի մասին։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանի բաջանաղն է, և այս տարիներին ՌՈ պետի հետ կապված ինչքան նամակ որ ուղարկվել է կառավարություն, վարչապետներին չի հասել հենց Ղազարյանի թեթև ձեռքով։ Ավելին, Ալեքսանդր Ղազարյանը այդ նամակները հետ է ուղարկել Արթուր Բաղդասարյանին, որն էլ պատժել է նամակի հեղինակներին։ Մեր տեղեկություններով՝ դեպք է եղել, որ Նիկոլ Փաշինյանին ՌՈ-ում տիրող բարքերի մասին նամակ գրելու համար հեղինակի վրա շինծու քրեական գործ են հարուցել և ենթարկել հետապնդումների, մինչև նամակի հեղինակը հայտնվել է հոգեբուժարանում։

Ռազմական ոստիկանությունում տասնյակ աշխատակիցներ կան, ովքեր տեղյակ են այս ամենից, սակայն վախենում են խոսել՝ մտածելով, որ կկորցնեն իրենց աշխատանքը։