«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Շին արտս» և «Լիոն Փրինթինգ Սերվիս» ՍՊԸ-ների հիմնադիր և տնօրեն Սամվել Սահակյանը։
– Պարոն Սահակյան, երկաթուղին ունի նոր տնօրեն։ Վալկոն հեռացավ։ Ի՞նչ փոփոխություններ սպասենք։
– Վալկոն ոչ թե հեռացավ, այլ փախավ, որովհետև շատ շուտով հայտնվելու էր ճաղերի հետևում։ Երկաթուղում պետք է վերանան այնտեղ հանգրվանած կլանները։ Ով էլ նշանակվի գլխավոր տնօրեն, միևնույն է՝ ոչ մի արդյունքի չի հասնի, եթե երկաթուղին դեֆակտո կառավարվում է կլանների կողմից, որոնք ոտքից գլուխ թաթախված են հանցագործության, ռեկետի և թալանի մեջ։ Այո, Սերգեյ Վալկոն, թաթախված լինելով երկաթուղային ոլորտում ներդրումային գումարների «լվացքի», շարժակազմի առքուվաճառքի, ֆինանսական սև գործառույթների, գործարարներից գումարներ շորթելու փորձերի և ահաբեկման մեջ, լափելով Հայաստանի գումարները՝ անպատիժ հեռացավ Հայաստանից, կարելի է ասել՝ «ծիծաղեց» մեր իրավապահ մարմինների վրա՝ հանձինս ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության։ Մի՞թե նա միայնակ էր այդ ամենը անում, իհարկե ո՛չ։ Իսկ թե Վալկոն, Ռեբեցը և մյուս խոպանչիները ինչպես կարողացան լափել և հանգիստ յուրացնել այդ տասնյակ միլիոնավոր դոլարները՝ պետք է հարցնել տարբեր անօրինական ֆինանսական սխեմաների հեղինակ, «ֆինանսական» կլանի ղեկավար Վեներա Ավետիսյանին և, իհարկե, թալանի «անվտանգությունն» ապահովող կլանի ղեկավար, ԱԱԾ գեներալ Արմեն Դարբինյանին։ Ի դեպ, վերջինս 2018 թվականի փետրվարին գումարներ շորթելու և վախեցնելու նպատակով մեզ մոտ էր ուղարկել իր իսկ կողմից ստեղծված ԱԱԾ-ականների «բանդայի» կարկառուն դեմքերին՝ Արա Մնացականյանին և Արթուր Դավիթավյանին, որի մասով մի քանի օր առաջ մենք հաղորդում ենք տվել ԱԱԾ՝ կատարված հանցագործության պահով, և սպասում ենք պատասխանի։ Նմանատիպ պատմության հետ առնչվել ենք նաև 2014 թվականին, երբ երկաթուղում հանգրվանած մեկ ուրիշ ԱԱԾ գնդապետ՝ Կարեն Անտոնյանը, փորձեցԱԱԾ-ի անունը տալով մեր մրցույթով շահած պայմանագրի մասնաբաժնի տեր դառնալ և, կարելի է ասել, որոշ ժամանակով, անօրինական կերպով, մեզ դուրս թողեց երկաթուղու հետ համագործակցային պրոցեսից։ Ստացվում է, որ մենք հարկեր ենք մուծում, որպեսզի այս թոշակի գնացած չեկիստները թոշակ ստանան ու զբաղվեն մարդկանց գործերը խլելով, Հայաստանի գործարարներին թալանելով՝ գրպաններում ունենալով Ռուսաստանի Դաշնության անձնագրեր։
Ասել եմ ու նորից կկրկնեմ՝ միայն այն փաստը, որ այս ԱԱԾ գեներալի և գնդապետների աչքի առջև թալանվել է մեր երկաթուղին, բավական է, որպեսզի այս վերը նշված անձինք հայտնվեն ճաղերի հետևում։ Վարչապետն է ասել, որ 60 միլիոն ԱՄՆ դոլարի չարաշահումներ են տեղի ունեցել երկաթուղում։ Մի՞թե սրանք կույր էին, չէի՞ն տեսնում, որ կոնկրետ թալան է գնում, թե՞ մասնաբաժին ունեին այդ թալանից ու դրա համար էլ չէին նկատում։ Այս չնկատելու կամ էլ թալանին մասնակցելու պահը վերաբերում է նաև հայկական ազգանուններով այն «տակդիրներին», որոնք կանգնած լինելով վալկոյանման խոպանչիների կողքին՝ աջակցել և մասնակցել են մեր երկրի ռազմավարական ոլորտի թալանին։ Դրանց մենք համարում ենք թուրք։
– Պարոն Սահակյան, Ձեր ստորագրությունն էլ կար վարչապետին ուղղված մտավորականների բաց նամակի տակ։ Ի՞նչ կասեք այդ նամակի մասին, և ինչպիսի՞ արձագանք է եղել։
– Կարծում եմ՝ դեռ շուտ է արձագանք ստանալու համար, ուղղակի քիչ ժամանակ է անցել, բայց համոզված ենք, որ դրական արձագանք կլինի։ Ինչ վերաբերում է մտավորականների բաց նամակին, ամբողջությամբ համամիտ ենք նրանց հետ, կիսում ենք նրանց մտահոգությունը և ամեն կերպ աջակցելու ենք թե՛ մեր իշխանություններին և թե՛ տարբեր սրտացավ հասարակական կազմակերպություններին, գործիչներին, որպեսզի այդ ոլորտը իրականում նորմալ գործի, այլ ոչ թե մի քանի տարուց մեր երկիրը հիմնովին զրկվի երկաթուղային ցանցից։ Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը արդեն իսկ զրկվել է շարժակազմից 2008 թվականին կնքված հանցագործ պայմանագրի պատճառով։
– Ի՞նչն եք համարում առաջնահերթ երկաթուղու զարգացման պրոցեսում։
– Նամակում նշված է՝ ստիպել ռուսական կողմին կատարել կոնցեսիոն պայմանագրով իր վրա վերցրած բոլոր պարտավորությունները՝ ինչպես ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ շարժակազմի թարմացման ուղղությամբ, իսկ որպես առաջնահերթություն թույլ տալ երկաթուղային ցանցին մուտք գործելու այլ օպերատորների, որպեսզի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից չպահանջված և երկաթուղային փոխադրումների տեխնոլոգիական գործընթացներին չմասնակցող Դիլիջան-Իջևան և Ագարակ-Մեղրի-Կապան հատվածների վերականգնման նպատակով կատարվեն ներդրումներ, ինչը կնպաստի երկաթուղու զարգացմանը՝ երկաթուղային նոր միջանցքներ և տնտեսական զարգացման նոր հնարավորություններ ունենալու համար։ Ստիպել երկաթուղու ղեկավարությանը, որպեսզի վերականգնեն փակված թվով 16 կայարանները, վերականգնել Կովկաս-Փոթի լաստանավի աշխատանքը, որպեսզի ապահովենք Լարսի անցակետի փակման պարագայում բեռնափոխադրումների այլընտրանքային ճանապարհը։ Մի խոսքով՝ խնդիրները շատ են, լուծման ձևերն էլ են շատ, ուղղակի պետք է պետական մոտեցում ցուցաբերվի, առաջին հերթին մեր երկրի իշխանությունների կողմից։
– Նոր ղեկավարի օրոք ՀԿԵ-ի հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք։
– Կրկնում եմ՝ առաջին հերթին անհրաժեշտ է երկաթուղում արմատախիլ անել տարիներ շարունակ գործող կլանային համակարգը։ Փտած թոշակառուները, որոնք պիտանի չեն եղել ԱԱԾ-ին, պետք է հայտնվեն ճաղերի հետևում։ Նույն ճաղերի հետևում պետք է հայտնվի Վեներա Ավետիսյանի կողմից կազմված ֆինանսական կլանը՝ իր գլխավորությամբ։ Այս քրեական գործը չի կարող անվերջ ձգձգվել։ Վերջիվերջո՝ քննչական մարմինները մեղադրանքը առաջադրելու են, եթե ոչ, ապա իրենք կհայտնվեն ճաղերի հետևում։ Չէ՞ որ այդ թալանի փաստերը արձանագրված են։ Համոզված ենք, որ իրավիճակը մեր երկրում փոխվել է հօգուտ մեր ժողովրդի, իսկ այդ թալանչիների, ծախված քննիչների ու դատախազների ժամանակները Հայաստանում վերջացան 2018 թվականի մայիսին։ Շատ մոտ ապագայում կտեսնենք, թե դա ինչով կվերջանա։ Այդ չակերտավոր երկաթուղայինները պետք է դուրս շպրտվեն երկաթուղային համակարգից։ Նրանք պետք է պատասխան տան, թե տարիներ շարունակ ինչպես են աչք փակել կամ էլ մասնակցել վարչապետի ասած՝ 60 միլիոն դոլարի թալանին։ Կսպասենք դատավճռին, իսկ երկաթուղու հետ աշխատել ենք և կաշխատենք։ Ներկա պահին երկաթուղին սարքել են իրենց հոր տունը, ում ուզում՝ վախեցնում են, ումից ուզում՝ գումարներ են պահանջում։ Մեր պարագայում այդ իրենց գործելաոճը չաշխատեց։ Ի դեպ, եթե որևէ մեկը իրենց դատի է տալիս, վարձում են «սուպեր» իրավաբանների՝ վճարելով նրանց միլիոնավոր դոլարներ, և փորձում են քննչական գործողությունները և դատական պրոցեսները ձգձգել այնքան, մինչև պատախանատու անձինք փախչեն երկրից։
– Իսկ ի՞նչ է կատարվում քննչական մարմիններում այս իրավիճակի շուրջ։
– Արդեն մեկուկես տարի է՝ նախաքննություն է ընթանում։ Կան տուժածներ, առկա են մոտ 104 միլիոն ԱՄՆ դոլարի թալանի, կազմակերպված բանդայի գործողությունների փաստերը, բայց չկան մեղադրյալներ։ Հետաքրքիր է, չէ՞։ Բացի այն հաղորդումներից, որ տվել ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, ՀՀ Քննչական կոմիտե, ՀՀ դատախազություն, ՀՀ ոստիկանություն, մոտ օրերս հաղորդում ենք ներկայացրել նաև ԱԱԾ, որ 2018 թվականին կոնկրետ Արմեն Դարբինյանը, Արա Մնացականյանը՝ Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ, կատարել են հանցագործություն, որի արդյունքում մեզ պատճառել են մեծ նյութական վնաս, ինչպես նաև մեր ընկերությունից «խլել» են պայմանագրերը, որոնք շահել էինք մրցույթով։ Այս բանդայի անդամները, որոնց գլխավորում է Արմեն Դարբինյանը, և որի առաջին պլանում միշտ գտնվում են գնդապետներ Արա Մնացականյանը, Կարեն Անտոնյանը, Արթուր Դավիթավյանը, հանդես են գալիս ԱԱԾ-ի և ՖՍԲ-ի անունից և պետք է պատասխան տան օրենքի ողջ խստությամբ, ստանան արժանի պատիժ և փտեն բանտերում։