Քոչարյան. ԼՂ հարցը հայ ժողովուրդն արդեն լուծել է և բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ օրինականացնել եղածը

Քոչարյան. ԼՂ հարցը հայ ժողովուրդն արդեն լուծել է և բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ օրինականացնել եղածը
Փետրվար 17 12:16 2020

2rd.am-ը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային դիրքորոշումը ԼՂ կարգավորման վերաբերյալ: Դրանում ներկայացված են հատվածներ նրա տարբեր տարիների միջազգային ելույթներից:

«Ղարաբաղի հարցը հայ ժողովուրդն արդեն լուծել է և բանակցություններն այսօր ունեն մեկ նպատակ․ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա»,- ելույթներից մեկում ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Մեկ այլ դրվագում Քոչարյանը՝ ԵԽԽՎ-ում պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի դիտարկմանը, թե ամբողջ աշխարհն ու բոլոր միջազգային կառույցները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասել է, որ դա այդպես է, և Հայաստանը ևս «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ առնչություն չունի»:

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում, դուք անկախություն եք ձեռք բերել ղարաբաղցիների հետ միասին»,- ասել է Քոչարյանը:

Ելույթներից մեկում նա նաև ասել է, որ եթե այժմ ԼՂՀ-ն ճանաչված չէ, չի նշանակում, թե այն երբեք չի ճանաչվելու, իսկ աշխարհում կան բազում նման դեպքեր՝ թեկուզ, Թիմորը, Էրիթրեան:

Փետրվարի 15-ին Մյունխենում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին բաց հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով։ Պատասխանելով Ալիևի կողմից ներկայացվող «պատմական փաստերին»՝ Փաշինյանը նշել է, որ ԼՂ-ն անկախացել է այնպես, ինչպես Ադրբեջանն է անկախացել ԽՍՀՄ-ից: Անդրադառնալով Խոջալուի ցեղասպանության մասին հարցին՝ Փաշինյանը հղում է արել Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հայտարարությանը, թե այն կազմակերպվել է ադրբեջանցիների կողմից՝ Մութալիբովին իշխանությունից զրկելու համար: Վարչապետի խոսքով՝ ինքը սկսել է միկրոհեղափոխությունների գործընթաց՝ ԼՂ հարցի կարգավորման հարցում:

loading...