Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն այցելել են ՊԵԿ

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն այցելել են ՊԵԿ
Փետրվար 17 11:24 2020

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներ Ջոնաթան Ֆելոուզը եւ Սիվ Ռինգստրոմը փետրվարի 10-ից 14-ն այցելել են Պետական եկամուտների կոմիտե՝ մասնակցելու Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում 2019թ. մայիսին իրականացված դիագնոստիկ առաքելության արդյունքում ներկայացված առաջարկների հիման վրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին։

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը փորձագետների հետ հանդիպմանը կարեւորել է ծրագրի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու Համաշխարհային մաքսային կազմակերպության միջեւ արդյունավետ համագործակցության շարունակականությունը։

Միքայել Փաշայանը հյուրերին ներկայացրել է նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության «Առեւտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների կատարման ու այդ համատեքստում իրականացվող բարեփոխումներին ուղղված կոմիտեի իրականացրած եւ նախատեսվող քայլերը: Մասնավորապես՝ մաքսային ձեւակերպումների պարզեցման, սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների եւ ՊԵԿ-ի միջեւ արդյունավետ համագործակցության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ էլեկտրոնային մաքսային ծառայությունների ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի արձանագրած առաջընթացը։

Այցի շրջանակում ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել եւ լրամշակվել է նաեւ 2019 թվականի մայիսին իրականացված առաքելության արդյունքում ՀՄԿ փորձագետների առաջարկների հիման վրա մշակված ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի նախագիծը: Նպատակն է՝ հաստատել «Առեւտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ վերոնշյալ առաջարկներով նախատեսված գործողությունների կատարման պատասխանատուներին՝ ըստ  առանձին ստորաբաժանումների:

Այցի արդյունքում ամբողջացվել է «Առեւտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված առաջարկների եւ դրանցով նախատեսված գործողությունների ծրագիրը, ինչպես նաեւ ուղենշվել են համաձայնագրի շրջանակում առեւտրի դյուրացման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերը եւ համագործակցության ուղղությունները:

loading...