ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես էին Շենգավիթում թալանել բնակարանը և գողացված «Տոյոտան» այրել Առինջում. մանրամասներ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես էին Շենգավիթում թալանել բնակարանը և գողացված «Տոյոտան» այրել Առինջում. մանրամասներ
Հունվար 28 00:30 2020

Նախորդ տարվա օգոստոսի 7-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում բնակարանային գողության դեպք էր արձանագրվել։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Չեխովի փողոցի բնակարաններից մեկի դուռը, գողացել չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել էին ոսկյա զարդեր ու տուժողի հանգուցյալ հորը պատկանած, փողը ծակած օրինական ատրճանակը։ Բնակարանային գողերը վերցրել էին նաև տանտիրոջ մեքենայի բանալիներն ու բակից առևանգել նաև նրա «Տոյոտան»։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Շենգավիթի քրեական հետախույզներն իրականացրին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ։ Դեպքի հաջորդ օրը Կոտայքի մարզի Առինջ գյուղում հայտնաբերվեց տուժողի մեքենան՝ ամբողջությամբ այրված։

Քրեական հետախույզները, մանրակրկիտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ, հունվարի 22-ին փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բնակարանային գողությունը կատարել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ երեք երիտասարդ, որոնցից երկուսը տուժողի հարևաններն են։ 24, 25 և 27-ամյա կասկածվողները հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեցին։

Արդեն հունվարի 25-ին նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեին։ Դատարանը երիտասարդներին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց։ Նրանք տեղափոխվեցին քրեակատարողական հիմնարկ։

 
 

Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

 

 



loading...