Ատելության խոսքի կարգավորումը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես վտանգ խոսքի ազատության համար. Գայանե Աբրահամյան


Ատելության խոսքի կարգավորումը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես վտանգ խոսքի ազատության համար. Գայանե Աբրահամյան
Դեկտեմբեր 16 14:18 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարի շուրջ աշխատանքային խումբ ստեղծելու գործընկերներիս նախաձեռնությունը:

Ցավոք, այս պահին չեմ կարող մասնակցել, չնայած այս խնդրի մասին խոսում եմ արդեն ամիսներ շարունակ, մի քանի դիտարկում այստեղ ներկայացնեմ.

Հենց սկզբից արձանագրենք, որ ատելության խոսքը որոշակի հիմքերով ՀՀ քրեական օրենսգրքում արդեն իսկ քրեականացված է, ՔՐ.ՕՐ. 226-րդ հոդվածում որոշակի կարգավորում տրված է, սակայն ամբողջությամբ ու առկա խնդիրների կանխարգելման համար այն չափազանց նեղ դիսպոզիցիա ունի:

Ատելության խոսքի կարգավորումը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես վտանգ խոսքի ազատության համար։

Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ ՄԻԵԿ, թե՛ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի այն կարող է և պետք է սահմանափակվի, եթե խախտում է մարդու հիմնարար իրավունքները, սակայն կարող է սահմանափակվել բացառապես օրենքով:

ՄԻԵԿ 10-րդ հոդվածի համաձայն՝

« 1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

ՄԻԵԿ Հոդված 17. Իրավունքների չարաշահման արգելում հոդվածի համաձայն՝

Իրավունքների չարաշահման արգելում Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի համաձայն՝

20-րդ հոդվածի 2-րդ մասով. (International Covenant on Civil and Political Rights – ICCPR) ICCPR-ի 20-րդ հոդվածի 2-րդ կետը պետություններին պարտավորեցնում է օրենքով արգելել «ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ցանկացած շահերի պաշտպանություն, որը ենթադրում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում»:

ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն ևս այս ուղղությամբ հստակ պայքարի մեխանիզմներ են նախանշել, մասնավորապես թե ինչպես պետք է այս խնդրի դեմ պետությունները պայքարեն, այդ թվում նաև քրեական օրենքների ընդունման ու խնդիրների բացահայտման ու ճիշտ բնորոշման:

ԵԱՀԿ-ի համաձայն՝

«Ատելության հիմքով հանցագործությունը քրեորեն հետապնդելի արարք է, որի շարժառիթը մարդկանց որոշակի խմբերի նկատմամբ կանխակալությունն է կամ նախապաշարմունքը։ Արարքը ատելության հիմքով հանցագործություն որակելու համար անհրաժեշտ է, որ իրավախախտումը ունենա հետևյալ երկու հատկանիշները. առաջին, արարքը պետք է համարվի հանցագործություն քրեական օրենքով սահմանված կարգով, երկրորդ, արարքի շարժառիթը պետք է լինի կանխակալությունը։

Հստակ պետք է տարանջատել ատելության խոսքը և կեղծ լուրերի խնդիրը, սրանք չեն կարող նույն կարգավորումը ստանալ:

Հստակ պետք է հասկանալ, որ ատելության խոսք չի կարող դիտարկվել մեկ անգամ հնչեցված հայհոյանքը, միջազգային պրակտիկան հստակ սահմանում է, որ որպես ատելության խոսք կարող են դիտարկվել միայն այն գործողությունները, որոնք ուղղված են որոշակի խմբի, դիտավորությամբ, կանխակալությամբ, որոշակի նախապաշարմունքներից դրդված կամ դրդող, պարբերականությամբ իրականացված ատելության խոսքի տարածումը:

Առավել մանրամասն հետագայում արդեն աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքում կքննարկենք, ու հուսով եմ՝ առաջիկայում օրենքի փոփոխության առաջարկները հնարավոր կդառնան»: