ՍԴ դատավորներին վաղ տարիքում թոշակի ուղարկելու սկանդալային նախագիծը հասավ կառավարության նիստ

ՍԴ դատավորներին վաղ տարիքում թոշակի ուղարկելու սկանդալային նախագիծը հասավ կառավարության նիստ
Նոյեմբեր 13 22:47 2019

Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու սկանդալային նախագիծն ընդգրկվել է կառավարության վաղվա նիստի օրակարգ: Հիշեցնենք, որ սա այն օրենսդրական փոփոխությունն է, որով իշխանությունները ցանկանում են փոխել ՍԴ անդամների կազմը:

Նախագծով սահմանավում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է  կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Որպես հիմնավորում նշվում է այն, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները նշանավորեցին նոր Սահմանադրական դատարան ունենալու՝ սահմանադրի տեսլականը: Մասնավորապես, սահմանադրությունը նախատեսում է Սահմանադրական դատարանի կազմավորման լիովին նոր կարգ, այն է՝ Սահմանադրական դատարանի ինը դատավորներին պետք է ընտրի Ազգային Ժողովը՝ երեքին Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սակայն, սահմանադրության ընդունման պահին Սահմանադրական դատարանն արդեն հիմնականում կազմավորված էր: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ  սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը  դեռևս լիարժեքորեն կյանքի չի կոչվել: Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական փոփոխություններ տեղի են ունենում մոտավորապես տասը տարին մեկ, իսկ 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում  հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, ամենայն հավանականությամբ  սահմանադրությամբ նախատեսված  սահմանադրական դատարանի  կազմավորման նոր մոդելը կյանքի չի կոչվի:

loading...