Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ուշագրավ թիվ՝ Երևանի 2020-ի բյուջեի նախագծից. Միանգամից նշենք, որ բյուջեն զգալի աճ է գրանցում. 2019-ի 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն՝ 107 մլրդ դրամի մուտք: Ընդ որում, նկատելիորեն աճում է քաղաքի սեփական եկամուտների կշիռը: Համապատասխանաբար, ծախսերի աճ՝ 25 մլրդով. 2020-ի ծախսային մասը կլինի 116 մլրդ, 2019-ի շուրջ 91 մլրդի փոխարեն: Կանաչապատման նոր մոդելի ներդրում: Մասնավորապես, 3,6 մլրդ՝ տարբեր հատվածներում զրոյից նոր ոռոգման ցանցի կառուցման համար: Մանկապարտեզներում ևս 1500-ով ավելի երեխաներ ընդունելու հնարավորության ստեղծում: Արվեստի ու երաժշտական դպրոցների աշխատակիցների աշխատավարձի աճ: Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցմանն ուղղված միջոցների աճ: Բակերի բարեկարգում՝ 1.5 մլրդ: Ասֆալտապատմանը հատկացված միջոցների աճ: Միայն 696 մլն՝ մայթերի կառուցման ու վերակառուցման գործին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների համար մատչելի ենթակառուցվածք: Շարունակվելու է մասնակցային բյուջեի պրակտիկան՝ «Ակտիվ քաղաքացի»: 800 մլն դրամ՝ փողոցների, մայթերի, բակային տարածքները մաքրելու համար տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար: Զգալի աշխատանքներ են նախատեսված առողջապահության ոլորտում, մասնավորապես, պոլիկլինիկաներում ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտությունների համար անհրաժշտ սարքավորումների ձեռքբերում: Եվ այլն: Բյուջեի նախագիծը Ավագանու խմբակցությունների քննարկմանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին»: |