Փողի ընտրությունը ավարտված է


Փողի ընտրությունը ավարտված է
Ապրիլ 3 15:42 2017

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտված են։ Չնայած այն հանգամանքին, որ ԿԸՀ-ն տասնօրյա ժամկետում կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները, ակնհայտ է, որ դրանք էապես չեն տարբերվի նախնական արդյունքներից։ Իսկ նախնական արդյունքներով՝ՀՀԿ-ն միանձնյա առաջատարն է։ Թերեւս,ոչ մեկի համար սա արտառոց նորություն չէ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սովոր չէ կիսելու իշխանությունը, չհաշված որոշ պորտֆելներ, որոնք տրվում են կոալիցիոն համագործակցության շրջանակներում։

Երեկ վաղ առավոտից տեղի ունեցող ընտրական գործընթացը փաստում էր մեկ բանի մասին, որ ՀՀԿ-ն իր առաջ խնդիր է դրել վերարտադրվելու։ Այդ գործին լծվել էին բոլորը՝ ահել- ջահել, կուսակցական ու անկուսակցական։ Նրանք իրենց գործը լավ կատարեցին։ Հայաստանում տեղի ունեցավ «ընտրություն», որը մեկ բառով կարելի է անվանել առեւտուր։ Իշխանությունը չի հաղթել, հաղթել է փողը, իսկ ընդդիմությունը պարտվել է ոչ թե իշխանությանը, այլ փողին։

Ձայների հաշվարկը դեռ չմեկնարկած,արդեն իսկ հայտնի էին նախնական արդյունքները։ Դրան զուգահեռ սոցիալական ցանցերում սկսվեցին քննարկումներն ու գրառումները, թե «երկիրը երկիր չէ», որ «տարեցները ծախեցին երիտասարդների ապագան», «ժամանակն է արտագաղթելու»։Այսպես եղել է միշտ՝բոլոր ընտրություններին հաջորդող ժամերին։ Ընտրակաշառքով ընտրություն կատարողը բողոքում է՝միանալով այն ազնիվ մարդկանց, ովքեր չեն վաճառել իրենց ձայնը։ Համընդհանուր բողոքի նոտան, սակայն,անիմաստ է։ Դրանք կարճ ժամանակում կմարեն, մոռացության կմատնվեն այնպես, ինչպես մոռացության կմատնվի այն հանգամանքը, թե ինչպես էին Կոնդի բնակիչները ատամներով պահում իրենց «աշխատավարձը»։

Հայաստանի ազնիվ ու պայքարող քաղաքացին կկանգնի նույն այդ կոնդեցու կողքին, երբ վերջինս օրեր անց կբողոքի փողով ընտրված իշխանությանը, որ իրեն զրկել են բնակության վայրից։ Քաղաքացիները կլռեն այնպես, ինչպես հինգ տարի շարունակ լռող պատգամավորին խորհրդարանում հայտնվելու հնարավորություն տվեցին։

Բողոքի համընդհանուր ճիչը ապարդյուն է։ Հայաստանում կա փողի դեֆիցիտ, սա քաջ գիտակցում է իշխանությունը, եւ ընտրական գործընթացների ժամանակ մարտի նետում, ոչ թե գաղափարը, այլ փողը։ Հասարակության մեծամասնությունը ընտրեց երկրորդը։

Փայլակ Ֆահրադյան



loading...