Ելան տանիք, իջան բակ. խոստումներից մինչեւ իրականություն. քարոզարշավի ուշագրավ դրվագները


Ելան տանիք, իջան բակ. խոստումներից մինչեւ իրականություն. քարոզարշավի ուշագրավ դրվագները
Մարտ 31 15:50 2017

Մարտի 5-ից մեկնարկած նախընտրական կրքերը այսօր կհանդարտվեն, բայց ընդամենը մեկ օրով: Վաղը լռության օր է: Ինչպես ընթացավ նախընտրական քարոզարշավը, ով ինչ նախաձեռնություններով հանդես եկավ: Armday.am-ն ամփոփում է նախընտրական քարոզարշավի ուշագրավ դրվագները:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9-ը քաղաքական ուժ: Քվեաթերթիկում առաջինը «Ելք» դաշինքն է: Նրանց ամենաշատը հենց այս փաստն էր ոգեւորել: Դաշինքի անդամները, իրար հերթ չտալով, ֆեյսբուքում այդ մասին էին իրազեկում: Մարտի 5-ին, ուղիղ ժամը 24:00 էլ դաշինքի անդամները ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ միացմամբ հանդես եկան: Հետո՝ հաջորդ օրն արթնացան, հավաքվեցին իրար գլխի՝ շրջելով մարզից- մարզ, հայտարարելով, որ ելք կա: Նիկոլ Փաշինյանն էլ տանիքները բարձրացավ, քաղաքացիների դռները թակեց: Ամեն ուր եւ ամեն կերպ հայտարարում էին, որ ելք կա: Ապրիլի 2-ից պարզ կդառնա, թե ինչպիսին էր «Ելքի» ելքը:

Սոցիալական մեդիան մասամբ օգտագործեցին նաեւ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները: Քոքոբելյանին, Բագրատյանին ու նախկին Ժառանգականներին միացել էին նաեւ Էլեկտրիկ Երեւանի որոշ ցուցարարներ: Ընտրություններին մասնակցում ենք «Մենք կարող ենք» կարգախոսով: Կոչ են անում ԵՏՄ-ից դուրս գալ, բայց ոչ թե Եվրոպա գնալ, այլ Հայաստանում մնալ: Նրանք էլ շրջեցին մարզից- մարզ, գյուղից- գյուղ՝ տեղում ասելով, որ իրենք կարող են:

«Հայկական Վերածնունդ» կուսակցությունն էլ իրենց առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ էլ տեղ չմնաց, չգնացին: Ոգեւորվում էին, որ ծափահարություններ էր հնչում, չէր էլ հնչում, ձեւը գտել էին՝ արհեստական էին միացնում: Բաղդասարյանի «զինվոր» Բիշարյանն էլ պայքարում է Մալաթիայի «տիրակալ» Ալեքսանյանի հետ: Խոստանում են ջեմ ու մուրաբա չբաժանել: Փոխվել են, փոխել է անգամ կուսակցության անունը: Մտածում են՝ ՕԵԿ-ին չեն հիշի եւ քվեաթերթիկում «պտիչկա» կդնեն ՀՎԿ-ի օգտին: Մտածելը երբեք չի խանգարում:

Հաջորդը «Ծառուկյան դաշինքն է»: Քաղաքականության էջը բացել է եւ ընտրություններին է մասնակցում: «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակն է»,- հայտարարում է Գագիկ Ծառուկյանը, ով անձամբ է գրել 15 կետից բաղկացած ծրագիրը: Բոլոր տեղերում հասցրել է լինել թիմի հետ, ժողովուրդն օգնություն է խնդրում: Ծառուկյանը կօգներ, բայց Մուկուչյանը բա որ տեսնի: Լուծումը գտել են, որոշել են հավաքել առկա խնդիրները, խորհրդարանում մեծամասնություն ունենալու դեպքում՝ լուծել:

Կոնգրես- ՀԺԿ դաշինքն էլ խաղաղություն է քարոզում: Տեր- Պետրոսյանի քարոզարշավներին չէ, բայց հեռուստահաղորդումների մասնակից դարձավ: Նախկին արմատական ընդդիմության շարքերից հանդես եկող Կոնգրեսականների ուզածը խաղաղությունն է: Գնում են մարզ՝ դա են ասում, գյուղում՝ նույնը: Միայն թե մռայլ է ստացվել դաշինքը գլխավորողների պաստառը: Տեր- Պետրոսյանն, իհարկե երիտասարդ է լուսանկարում, բայց առաջին նախագահի տարիքը բոլորին է հայտնի: Նույնքան հայտնի, որքան նաեւ այն հանգամանքը, որ 2013 թվականի նախագահական ընտրություններին տարիքի պատճառով հրաժարվեց մասնակցել ընտրություններին:

Հաջորդիվ ՀՀԿ-ն է: Միայն վերջերս ՀՀԿ-ական դարձած վարչապետ Կարեն Կարապետյանն է իրականացնում Հանրապետականների քարոզարշավը: Մոսկվայից եկավ, տեսավ, մնաց: Դեռ մնալու է, ամեն դեպքում Սերժ Սարգսյանը ասել է, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն կազմելու դեպքում, Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: Կարապետյանն էլ ջանք չի խնայում «Անվտանգություն եւ առաջընթաց» է քարոզում, այնքան քարոզեց, ձայնը կտրվեց: Հանգամանքը չխանգարեց համալիրում մի լավ ուրախանալ:

Կոմունիստներն էլ քվեաթերթիկում համար 7-ն են: Մամուլի աչքից հեռու իրականացրեցին քարոզարշավ: Կարմիր ժապավեններով մի քանի տեղում, ամեն դեպքում, եղան: Ծրագիր գրել են՝ այդպես են ասում, բայց համացանցում հասանելի չէ: Մի քանի հատված հնարավոր է եղել իմանալ: ՀԿԿ-ն ասում է՝ ամեն ինչ անվճար է լինելու, գրեթե ամեն ինչ: Փող էլ ունեն, ցույց չեն տվել, ասել են՝ կընտրվենք, 17 միլիարդի ներդրումը կա ու կա:

ՕՐՕ դաշինքն էլ մարզերում շրջեց: Պարոն Օսկանյանը, պարոն Հովհաննիսյանն ու պարոն Օհանյանն էին գլխավոր դերակատարները: «Հաղթելու ենք, բան չի մնացել»,- ամեն օր ասում էին նրանք: Օրերն անցան, եկավ օրը հանրահավաքի: Հավաքվեցին Ազատության հրապարակում՝ ծիրանագույն շարֆերով, ուս- ուսի տվեցին անցան մայրաքաղաքի փողոցներով: Բոլորը ներկա էին, իհարկե, ՕՐՕ-ի համակիրներից: Եկել էր Ռուզան Խաչատրյանը: Նկարվեցին, ելույթներ ունեցան, գնացին: Ժողովրդի հաղթանակը պիտի վերադարձնեն, ասել են, որ կգան:

Քվեաթերթիկում վերջինը ՀՅԴ-ն է: Նախարարները միանգամից արձակուրդ վերցրեցին, որ գնան ու «Արդար Հայաստան» քարոզեն: Դաշնակցականները ասում են՝ ամենալավը մենք, բայց ոչ թե նրա համար որ «հին»կուսակցություն են, այլ այդպես են որոշել: Խորհուրդ են տալիս ընտրել իրենց, իշխանությունը հո մենակ չի մնալու: Մնացել են կողքերին, որ օգնեն:

Նախընտրական քարոզարշավի ուշագրավ դրվագները ի մի է բերել Փայլակ Ֆահրադյանը:



loading...