Եթե ուզում են իրենց գումարները ջուրը գցել, ապա կարող են շարունակել բաժանել կաշառքներ. Նաղդալյան


Եթե ուզում են իրենց գումարները ջուրը գցել, ապա կարող են շարունակել բաժանել կաշառքներ. Նաղդալյան
Մարտ 25 17:54 2017

Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբի աշխատակիցները լուրջ ուսումնասիրել են «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի հրապարակած ձայնագրությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Նա նշել է, որ չի լսել ձայնագրությունները:

«Իմ գործընկերները լուրջ ուսումնասիրել են այդ ձայնագրությունները և արդեն համապատասխան հայտարարությունը տարածել են։ Քաղաքական ուժերը, ովքեր լուրջ մասնակցում են ընտրություններին, բնականաբար որոշակի կազմակերպչական աշխատանք կատարում են՝ կողմնակիցներ, թվաքական, կոնտակտներ և այլն։ Այս ամենը մեկ բառով կարելի է անվանել ցուցակագրում։ Այդ բառը ասելիս անմիջապես պատկերացնում ենք վարչական ռեսուրսի չարաշահում, բայց առաջին հերթին դա կազմակերպչական աշխատանք է, որը կատարում են բոլոր քաղաքական ուժերը»,- ասել է Նաղդալյանը։

Նրա պնդմամբ՝ նախկին հնարավորությունները՝ վարչական ռեսուրս օգտագործել, մարդուն ստիպել քվեարկել այսպես կամ այնպես, քվեաթերթիկը դուրս հանելը, նկարելը, ապացուցելը վերացել է նոր ընտրական օրենսգրքի հիման վրա։

Նա շեշտել է, որ որևէ տնօրեն՝ լինի դպրոցի, թե մանկապարտեզի, եթե ցանկանա «արջի ծառայություն» մատուցել, գործընթացը վերահսկել հնարավոր չէ։

«Որևէ մեկը չի կարող ստուգել և համոզվել, թե ինչպես ընտրեցիք։ Ընտրությունը չի կարող նկարահանվել։ Այս տարվա ընտրական փոփոխությունների շնորհիվ ոչ մի քաղաքական ուժ չի կարող վերահսկել, ար դյոք այն անձը ում նա ընտրակաշառք է տվել հենց իր օգտին է քվեարկել, թե ոչ։ Եթե ուզում են իրենց գումարները ջուրը գցել, ապա կարող են շարունակել բաժանել կաշառքները, միևնույնն է, վերահսկում իրականացնելն անհնար է»,- ասել է նա: