ՍԱՊԾ-ն երեք ընկերություններում խախտումներ է հայտնաբերել. միսը հաճախ փորձաքննության չի ենթարկվել


ՍԱՊԾ-ն երեք ընկերություններում խախտումներ է հայտնաբերել. միսը հաճախ փորձաքննության չի ենթարկվել
Մարտ 24 13:52 2017

Օրենսդրորեն հանրային սննդի օբյեկտներում նախատեսված չէ փորձաքննություն՝ միսն իրացնողից ձեռք բերելու դեպքում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն», «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ներում: Արդյունքում Ծառայությունը հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք վկայում են, որ այս երեք ընկերությունները պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:

Մասնավորապես՝ փորձաքննություններն իրականացվել են առանց համապատասխան սարքավորումների կամ անհայտ ծագման սարքավորումներով՝ հաճախ կրելով ձևական բնույթ: Մսի որակի նկատմամբ բավարար կասկածների դեպքում այս ընկերությունները չեն տեղեկացրել լիազոր մարմնին, թեև պարտավոր էին: Փորձաքննության դրական եզրակացության պարագայում՝ չեն իրականացրել կամ մասամբ են իրականացրել մսի անվտանգությունը հավաստող դրոշմակնքումները:

Արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներկայացված փասատթուղթը քանի՞ կամ ո՞ր կենդանուն է վերաբերում՝ այդպիսով ստեղծելով մեկ եզրակացության հիման վրա մի քանի կենդանու միս իրացնելու ռիսկ: Պարզվել է նաև, որ լաբորատոր փորձաքննության ընթացքում օգտագործվել են անհայտ ծագման նյութեր՝ ի սկզբանե կասկածի տակ դնելով փորձաքննության արդյունքները:

Փորձաքննություններ են իրականացվել առանց կենդանիների ներքին օրգանների առկայության (թոքեր, սիրտ, լյարդ և այլ), միաժամանակ, նմուշառումը կատարվել է սխալ՝ առանց մկանային ու ոսկրային հյուսվածքների, որի պայմաններում հնարավոր չէ պարզել մսի որակը կամ հնարավոր հիվանդությունների առկայությունը: Տրիխինելյոզի նկատմամբ պարտադիր փորձաքննության չի ենթարկվել խոզերի մսեղիքը: Չեն գրանցվել ձուկ, կաթ և մեղր փորձաքննելու դեպքեր՝ նախատեսված կառավարության որոշումներով:

Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումից հետո չի տրվել եզրակացություն արտադրանքի հետագա օգտագործման համար, չեն լրացվել կամ թերի են լրացվել փորձաքննության եզրակացությունները: Որոշ դեպքերում, փորձաքննություն է իրականացվել առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի, թեև օրենսդրությունն արգելում է անասնաբուժական փորձաքննության իրականացումը, երբ պարզ չէ մսի ծագումը: Դրոշմի համար օգտագործված ներկերը սննդային չեն եղել, որևէ հիմնավորում դրանց պիտանիության մասին չի ներկայացվել: Չի պահպանվել ախտահարված օրգանների և հյուսվածքների վարակազերծման կարգը:

Ստուգումների արդյունքների հիման վրա հաղորդագրություններ են տրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն: Ծառայությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել անասնաբուժասանիտարական փորձաքննություններ կատարող ընկերությունների գործունեությունը՝ վերջիններիս պատշաճ աշխատանքն ապահովելու նպատակով:

Ստուգման ընթացքում նաև պարզվել է, որ նշված ՍՊԸ-ները պայմանագրեր են ունեցել և փորձաքննություն իրականացրել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, որի անհրաժեշտությունը չկար, քանի որ ՀՀ օրենսդրությամբ միայն իրացման կետերում վաճառվող միսն է ենթակա պարտադիր լաբորատոր փորձաքննության (կառավարության 426-Ն որոշմամբ սահմանվում է, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացնելու պատասխանատվությունը կրում են իրացնող կազմակերպությունները):

Բացի այդ՝ հանրային սննդի օբյեկտներից հնարավոր չէ կատարել ճիշտ նմուշառում և օբյեկտիվ փորձաքննություն, քանի որ այնտեղ միսը ձեռք է բերվում կտորներով՝ առանց ներքին օրգանների և համապատասխան հյուսվածքների: Նշենք նաև, որ հաճախ, չնայած պայմանագրերի առկայությանը, որևէ ծառայություն հանրային սննդի օբյեկտին չի մատուցվել, փաստացի՝ փորձաքննություններ չեն իրականացվել:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՍԱՊԾ-ն տեղեկացնում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, որ իրենց կողմից ձեռք բերված միսն արդեն իսկ պետք է ենթարկված լինի համապատասխան լաբորատոր փորձաքննության և՝ որ միս ձեռք բերելիս վերջիններս իրացնողից պետք է պարզապես պահանջեն համապատասխան եզրակացություն մսի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ (3-րդ ձև) և գնման ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը՝ անհրաժեշտության դեպքում գնված մսի ձեռքբերման աղբյուրը պարզելու համար:

Ծառայությունը նաև տեղեկացնում է, որ, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը Երևան քաղաքի առևտրի իրականացման վայրերում պարտադիր է 2018 թվականի մարտի 1-ից և առաջարկում է սկսել նախապատրաստական աշխատանքները՝ գործընթացն ամբողջությամբ նշված ժամկետներում ապահովելու համար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն