Կենսագրությունս թույլ է տալիս ուղիղ նայելով ընտրողների աչքերին՝ հավաստիացնել, որ պատրաստ եմ կրկին կրել պատասխանատվություն․ Արթուր Գևորգյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)


Կենսագրությունս թույլ է տալիս ուղիղ նայելով ընտրողների աչքերին՝ հավաստիացնել, որ պատրաստ եմ կրկին կրել պատասխանատվություն․ Արթուր Գևորգյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Մարտ 19 19:38 2017

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երևանի Աջափնյակ, Արաբկիր և Դավիթաշեն շրջանները ընդգրկող թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու Արթուր Գևորգյանը: Գևորգյանի հետ զրուցել ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

-Պարոն Գևորգյան, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ո՞ւմ եք դիտարկում Ձեզ որպես մրցակից և արդյոք Ձեր պարագայո՞ւմ էլ է գործում այն տեսակետը, որ ռեյտինգային ընտրակարգը ներկուսակցական պայքար չի ենթադրում:

-Այո՛, ռեյտինգային ընտրակարգը ներկուսակցական պայքար չի ենթադրում, եթե, իհարկե, չկան անձնական ամբիցիաներ: Ոչ մեկի չեմ համարում ինձ մրցակից, վերջին իմ մրցակիցը եղել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մայվեդերը (ժպտում է): Իրականում, մրցակցությունը հարաբարեկան երևույթ է: Կարիք չկա ոչ ոքի առանձնացնել: Մեկը կհավաքի 7 ձայն, մյուսը՝ 70, մեկն էլ՝ 7000: Ու ասել, որ այդ ձայների համար չի եղել պայքար, կամ այդ 7 ձայնը 7000 ձայն հավաքողի համար էական չէ, սխալ կլինի:

-Կարծիք կա, որ Ընտրական օրենսգիրքը ռեյտինգային ընտրակարգով ընտրությունները քաղաքական դաշտից տեղափոխում է անձնական դաշտի պայքար, ի՞նչ կասեք այս մասին։

-Չէի ասի... անձնական դաշտ տեղափոխողները, անկախ նրանից ընտրությունը ռեյտինգային է, համամասնական, թե՞ մեծամասնական , միևնույն է, կտեղափոխեն անձնական դաշտ: Ցավոք, նման երույթներ իրենց կոպիտ դրսևորումներով եղել են մեզ մոտ գրեթե միշտ ու այս անգամ էլ, ցավոք, բացառություն չեղավ:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտրատարածքի թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպը, ենթադրո՞ւմ է սա արդյոք, որ թեժ ու ինտրիգային պայքար է սպասվում:

-Ես այդ լուրը իմացա առավոտյան լրագրողների զանգից: Պատասխանել եմ և կրկնեմ նորից՝ բացասաբար: Նման միջադեպերը միայն լարվածություն են մտցնում մեր հասարակական կյանքում: Դեռ չեմ տիրապետում միջադեպի մանրամասնություններին, բայց լուրը լսելով՝ ափսոսանք ապրեցի և հույս ունեմ, որ լուրջ զարգացումներ չեն լինի հետագայում:

-Ձեր ընտրատարածքում ՀՀԿ-ի ֆավորիտ թեկնածուները Ձեզնից բացի համարվում են Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, ի՞նչ հարաբերություններ ունեք նրանց հետ, ինչպե՞ս եք գնահատում Ձեր և նրանց շանսերը։

-Արմանի և Արտակի հետ իմ հարաբերությունները ընկերական են: Շանսեր ունեն բոլորը, բայց որոշողը տվյալ ընտրատարածքի բնակիչներն են լինելու:

-Սպորտում և քաղաքականության մեջ ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կառանձնացնեք:

-Այն պահից, երբ սպորտում լրագրողները սկսեցին մեդալների հաշվարկը, սպորտը քաղաքականացվեց և դա դարձավ գեր տերությունների մկանների ցուցադրման միջոց: Սպորտում ազնիվ պայքարը ավելի երաշխավորված է, քանի որ դու ես և դիմացինդ՝ չնայած այնտեղ էլ կա անազնիվ մրցավարման հանգամանք: Քաղաքականությամբ զբաղվելը սպորտի պես ունի 2 տարբերակ՝ թիմային մարզաձև՝ այսինքն կուսակցական և անհատական մարզաձև՝ ազատ գործիչ: Բայց նոր սահմանադրությունը էլ չի թողնում զբաղվել անհատական մարզաձևով (ժպտում է):

Քաղաքականությունը շատ բազմաշերտ երևույթ է, որտեղ գործում են մազմաթիվ և իրար երբեմն հակասող կանոններ: Այն իր մեջ ներառում է հասարակագիտություն, մարտավարություն, դիվանագիտություն, փիլիսոփայություն և շատ բաներ կարելի է ավելացնել: Իհարկե, ընդունված է քաղաքականությունը որպես մասնագիտություն վարկաբեկելը, որը, ի դեպ, ասեմ ևս քաղաքական տեխնոլոգիայի մի մաս է կազմում, այնուամենայնիվ, մարդկությունը դեռ չի կարողացել գտնել մի բան, որը կկարողանա փոխարինել քաղաքականությանը` լինելով մարդկության և հասարակական կյանքի կազմակերպման մեթոդ:

-Ձեզ երբևէ կաշկանդե՞լ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան լինելու հանգամանքը և արդյոք հե՞շտ է այդ, այսպես ասած, կոչումը կրելը:

-Փեսան ձեր կարծիքով կոչո՞ւմ է (ժպտում է): Դա կարգավիճակ է, որը ունի կոնկրետ բարեկամական կապ: Ինքը ձեզ համար է ոստիկանապետ, ինձ համար իմ կնոջ հայրն է, իմ երեխաների պապիկը: Կաշկանդվելու ոչ մի պատճառ չեմ ունեցել, ավելին՝ ունեմ խորին հարգանք իր անձի նկատմամբ, քանի որ ոչ մի անգամ չեմ զգացել իր կողմից միջամտություն իմ ընտանեկան և քաղաքական կյանքին, ինչպես որ վաղը ես կլինեմ իմ աղջիկների կյանքում: Սա շատ նուրբ պահ է, տղամարդիկ ավելի ճիշտ կհասկանան:

-Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ Ձեզ փոխանցել է Ձեր հայրը և հետագայում Դուք էլ այն փոխանցել եք Ձեր երեխաներին:

-Հայրս, իր կյանքը զոհաբերելով Արցախյան պատերազմում հերոսացավ, մեզ՝ եղբայրներիս փոխանցելով ամենասրբազան պատգամը: Հայրենիքի համար պետք է պատրաստ լինել վճարել կյանքում ամենաթանկը և հայրենիքի տեր լինելը լոկ խոսք չէ, այլ պարտականություն:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները, ի՞նչ հետաքրքրություններ ունեն, արդյոք մտածե՞լ եք, որ նրանցից մեկը կարող է շարունակել Ձեր քաղաքական գործունեությունը։

-Իմ բալիկները դեռ փոքր են, ինչով կուզենան զբաղվել, իրենք կորոշեն ապագայում: Այս պահին նրանք ստանում են դաստիարակություն և ամեն ինչ անում եմ, որ սպորտը, արվեստը մեծ տեղ զբաղեցնեն իրենց կյանքում:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Ցանկացած դրական երևույթ կարող է ինձ երջանկացնել: Չեմ ասում այն հիմնական առիթները, նկատի ունեմ երեխաներ, ընտանիք: Ես կարող եմ երջանկանալ իմ սիրած երգը 4 րոպե լսելով, ես կարող եմ երջանկանալ մի հանդիպումով, հին ընկեր տեսնելով, նոր մարդու ծանոթանալով և դրական լիցք ստանալով որևէ մեկից: Ես մեծ հաճույք եմ ապրում, երբ որևէ գաղափար սկսում է իրականանալ: Ի դեպ, ոչ թե վերջում, այլ պրոցեսի ընթացում եմ ապրում ամենահաճելի պահերը, երբ աչքիդ առաջ սկսվում է ուրվագծված գաղափարը կյանքի կոչվել: Շնորհակալ եմ Աստծուն...

-Ի՞նչ ասելիք ունեք խորհրդարանական ընտրություններին Ձեր պոտենցիալ ընտրողներին:

-Իմ կենսագրությունը թույլ է տալիս ինձ ուղիղ նայելով նրանց աչքերին՝ հավաստիացնել, որ պատրաստ եմ կրկին կրել պատասխանատվություն, լինել նաև Արաբկիրի, Աջափնյակի, Դավթաշենի բնակիչների շահերի պաշտպանը և՛ երկրի գլխավոր օրենսդիր մարմնում,և՛ ամբողջ պետական համակարգում:

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը… պետք է ապրեմ գլուխս վեր, անունս` մաքուր:

Մի օր ես… ուզում եմ երկրագունդը տեսնել տիեզերքից:

Կյանքը մեկ օրում… հնարավոր է այնպես իմաստալի դարձնել, որ մի ամբողջ կյանք չբավարարի:

Տարիների ընթացքում… հասկանում ես ավելի շատ բան, դրանով իսկ կյանքդ դարձնում ավելի դժվար:

Իմ օրերի մեջ… ցանկանում եմ տեսնել իմ պատկերացրած Հայաստանը։

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Սևակ Սողոմոնյան/Armday.am

 



loading...